Այս տարի 2020 թվականի բյուջեի կատարողականի ժամանակ ես այս ամբիոնից հնչեցրել եմ շուրջ մեկուկես տասնյակ ջրամբարների կառուցման մտադրության մասին, նաև, որ Կառավարությունը քայլեր է ձեռնարկում առաջիկա 10-15 տարիների ընթացքում փոքր և միջին ջրամբարների կառուցման ուղղությամբ: Ես այստեղ հնչեցրել եմ նույնիսկ ցանկը:
Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի ԺՊ Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արմեն Խաչատրյանի հարցին, որ Վայոց Ձորի Ելփին համայնքում շատ են բերրի հողերը, սակայն ոռոգման ջրի սակավության պատճառով չեն մշակվում:
Ինչպես հիշեցրեց Պապիկյանը՝ կառուցվելիք ջրամբարներից 4-ը հենց Վայոց Ձորում են: Դրանց մեջ են նաև Ելփին, Խնձորուտ, Խաչիկ և Վերնաշեն համայնքների ջրամբարները:
Առաջիկայում այս ուղղությամբ նախարարությունն աշխատանքներ տանելու է՝ նախագծանախահաշվային փաստաթղթերի ձևավորումից մինչև 10-15 տարիների ընթացքում խնդիրը լուծելը: