2021 թվականի հունվար-մայիսին Հայաստանում արտադրվել է 36 199.9 հազար լիտր ոչ ալկոհոլային խմիչք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 5.8 %-ով: Այս մասին Armenia Today-ը տեղեկացավ Ազգային վիճակագրական կոմիտեից։
Ըստ վիճակագրության՝ նշված ժամանակահատվածում Հայաստանում արտադրվել է 18 150.7 հազար լիտր հանքային ջուր: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտադրության ծավալներն ավելացել են 17.6 %-ով:
Միևնույն ժամանակ, ինչպես հայտնում են վիճակագրական կոմիտեից, 18.4%-ով աճել է աղբյուրի ջրի արտադրության ծավալը:
Եթե 2020-ի հունվար-մայիսին հանրապետությունում արտադրվել է 16 150.2 հազար լիտր աղբյուրի ջուր, ապա 2021-ի հինգ ամիսներին՝ 19 117.7 հազար լիտր:
Մինչդեռ, ըստ ԱՎԿ-ի, ավելացել են օղու, գինու, կոնյակի արտադրության ծավալները։
Պաշտոնական տվյալներով՝ նվազել են հացի արտադրության ծավալները։ Նախորդ տարվա 112 764.9 տոննա հացի փոխարեն այս տարի արտադրվել է 110 218.9 տոննա։
Զգալի կրճատվել են նաև մակարոնեղենի արտադրության ծավալները։ Հունվար-մայիսի դրությամբ՝ արտադրվել է 2 031.4 տոննա մակարոնեղեն, իսկ նախորդ տարի նույն ժամանակահատվածում՝ 3 202.8 տոննա։
Փոխարենն ավելի շատ մսամթերք է արտադրվել։