Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի («WCIT 2019») շրջանակներում, այսօր՝ հոկտեմբերի 8-ին, տեղի է ունեցել նախարարական կլոր սեղան-քննարկում՝ «Արդյունավետ թվային փոխակերպումներին ուղղված ազգային օրակարգերի մշակում և իրագործում» (Designing and Executing an Effective ICT Blueprint for National Transformation) թեմայով։
Քննարկման ժամանակ բացման խոսքով հանդես է եկել մոդերատոր Միգել Կարասկոն։ Նա ողջունել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանին և բոլոր մասնակիցներին, նշել, որ մեծ պատիվ է՝ մասնակցելու նման միջոցառման:
Նա շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին բարձր մակարդակով համաժողովն անցկացնելու համար, որից հետո խոսքը փոխանցել է նախարար Հակոբ Արշակյանին։
Հակոբ Արշակյանն ընդգծել է,որ համաժողովը հնարավորություն է՝ միմյանց հետ հանդիպելու և անմիջական շփման միջոցով քննարկելու շատ կարևոր հարցեր։ Նախարարը նշել է, որ նման հանդիպումները հրաշալի հնարավորություն են փորձի փոխանակման համար:
Նախարարը քննարկման ժամանակ արձանագրել է, որ Հայաստանը շոշափելի արդյունքներ է գրանցել հատկապես տեխնոլոգիական կրթության ոլորտում և պատրաստ է կիսվել այդ փորձով:
Կլոր սեղան-քննարկման ընթացքում կարճ ելույթներով հանդես են եկել քննարկման բոլոր մասնակիցները՝ ներկայացնելով իրենց փորձն ու ձեռքբերումները։ Մասնակիցները քննարկել են բարձր տեխնոլոգիաների ներդրման ու կիրառման շնորհիվ ժամանակակից աշխարհի մարտահրավերներին դիմակայելու հնարավորությունները: