Ըստ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի տվյալների՝ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ անդամ երկրների հետ 2018 թ.-ին աճել է 11.3 % -ով։ Չնայած աճի տեմպերին՝ ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառության մասնաբաժինը նախորդ տարվա համապատասխան ցուցանիշի համեմատ նվազել է 1.2 տոկոսային կետով՝ կազմելով 27,0 %։
Համեմատության համար նշենք, որ 2014 թ.-ի համեմատ ԵԱՏՄ անդամ երկրների հետ առևտրաշրջանառության մասնաբաժինը ավելացել է 2.5 տոկոսային կետով: ՀՀ-ից դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանման աճի տեմպը 2018թ․-ին կազմել է 120.7 %, Իսկ ներմուծմանը՝ 109.4 %(ըստ արտահանող երկրի):
ԵԱՏՄ շրջանակներում արտաքին առևտրաշրջանառության մեջ բացահայտ գերիշխող դիրք ունի ՌԴ-ն, որի մասնաբաժինը ՀՀ արտաքին առևտրաշրջանառության մեջ 2018թ․-ին կազմել է 26.1 %, Ղազախստանի մասնաբաժինը՝ 0.2%, Բելառուսինը՝ 0.7 %:
Ընդհանուր առմամբ, դիտարկվող տարվա ցուցանիշներով ,ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ շրջանակներում աճել է՝ չնայած ընդհանուր առևտրաշրջանառության մեջ ԵԱՏՄ մասնաբաժնի նվազմանը։ ՀՀ արտաքին առևտրի խիստ կենտրոնացվածությունը մի խումբ գործընկերների շրջանում և դիվերսիֆիկացիայի պակասը հանգեցնում է ՀՀ տնտեսության զգայունության մեծացմանը այդ երկրներում տեղի ունեցող փոփոխությունների նկատմամբ, որը հատկապես նկատելի է հիմնական առևտրային գործընկերոջ՝ ՌԴ-ի դեպքում։