Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծմանն աջակցելու հարցով նամակ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին:
Նախագահ Արմեն Սարգսյանն իր նամակում ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահին այն ջանքերի համար, որոնք հանգեցրին Լեռնային Ղարաբաղում արյունահեղության դադարեցմանը և զինադադարի հաստատմանը, ինչի շնորհիվ հնարավոր եղավ խուսափել նոր զոհերից ու ողբերգություններից:
Հայաստանի նախագահը միաժամանակ նշել է, որ, ցավոք, կողմերի միջև դեռևս պահպանվում է նոր վեճերի ի հայտ գալու պոտենցիալ վտանգը՝ կապված սահմանագծման հարցի հետ:
Հաշվի առնելով հարցի բացառիկ կարևորությունն ու արդիականությունը՝ նախագահ Սարգսյանը խնդրել է Ռուսաստանի նախագահին՝ աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծման գործընթացին և այն ավարտին հասցնելուն՝ բացառելու հետագա լարվածությունն ու բացասական զարգացումները:
Նշենք, որ վերջին օրերին Հայաստանի Ադրբեջանին սահմանակից համայնքներից հաճախ են տեղեկություններ ստացվում այն մասին, որ ադրբեջանցիները մուտք են գործում սահմանին մոտ գտնվող գյուղեր և տեղաբնակներից տարածքներ պահանջում, նշելով, որ տվյալ տարածքները պատկանում են իրենց։ Ի դեպ, հարկ է նկատել, որ պաշտոնական Երևանն այս ամենին որևէ կերպ չի արձագանքում։