ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը գրառում է արել, որում նա նշել է․
«Երեկ Շուշան Պետրոսյանը շատ զգացական մի գրառում էր արել. ռմբակոծությունից փախած կովերն օրեր անց վերադարձել էին տուն, Շոշ գյուղ: Այստեղ բանալի բառը տունն է: Տուն, որը շատերը կորցրին, Հայրենիք, որ բոլորս կորցրինք… ու կորստի մխացող ցավ, բաց վերք, որը կփակվի միայն մեր հավաքական վերադարձով, մեր խլված տունն ու դավաճանված Հայրենիքը վերագտնելով:
Այս պատկերը, ողբերգության հույզն ու ապրումն անգամ բառերի, մեկնության կարիք չունեն. ամեն բան այնքան հասկանալի է, ցավալիորեն հոգեմաշ:
Բայց՝ ոչ: Երևի շատերն են տեսել այս գրառման տակ «հայերի» մտքի թռիչքը, անձնական վիրավորանքների տարափը: Ու մի տղամարդ, որ իր կնոջ վզովն ընկած նկարով է ներկայանում ֆբ-ում, աներևակայելի, կենդական ազդակներին հագուրդ տալով՝ հայհոյախոսում է: Էս էն տեսակն է, որ քյաբաբի ու խաշլամայի արանքում մայրերի, օջախի ու կանանց կենացն է խմում ու, սեփական տան դուռը ծածկելուն պես, չբավարարված որձի վավաշոտ հայացքով փեշ է փնտրում: Դրա գրառումը մի քանի տասնյակ լայքեր ունի, այդ ոճով ու բառապաշարով տասնյակ նոր գրառումներ, ու, ցավալիորեն, նրանց մեջ մեծաթիվ են կանայք: Կարդում եմ, ու շունչս կտրվում է մեր գլորվելու խորությունից, ամաչում ու նողկում եմ հայհոյող հայ կնոջ էդ տեսակից:
Մտածում եմ, որ Մաթևոսյանի «Գոմեշը» կարդացած լինեին՝ այսպիսին չէին լինի, մտածում եմ, որ Հարություն Խաչատրյանի «Սահմանը» դիտած լինեին/սահմանամերձ բախման ժամանակ այրվող տներ, կորսված ճակատագրեր ու գոմը շարունակ փնտրող մի մոլորված ցուլ…/՝ այսպիսին չէին լինի:
Բայց սասունցի պապս՝ բաբո ֆայաթն էլ Հրանտ Մաթևոսյան չէր կարդացել, ոչ էլ գիտեր՝ ով է Հարություն Խաչատրյանը, ու իմ տատին՝ մամե Ուստոյին, մինչև կյանքի վերջին օրն «ըմ նշանած» էր ասում՝ չհանդուրժելով, որ թոռները բարձր ձայնով խոսեին հետը:
Բա էս ո՞նց եղավ, այդ ինչո՞ւ ենք այսքան ընկել, մի՞թե չեք տեսնում, որ հատակում ենք, մի՞թե սա է մեր հիմնական տեսակը…
Ավերումի ու կորստի այս ճանապարհը հնարավոր է կասեցնել միայն Նիկոլի հեռանալով, մեր արժեհամակարգն ու դիմադրողականությունը վերականգնելով:
Իսկ մինչ այդ Հայաստանն ամեն օր մի քիչ փոքրանում է, որովհետև փոքրանում է նաև մեր մարդկային տեսակը, ու մենք շարունակում ենք հայհոյել, անիծել ու մեր մտքի մեջ սպանել դավաճանին…»: