Դատավորը խոսող օրենք է, օրենքը՝ լուռ դատավոր։ Դատավորից մի՛ ակնկալեք քաղաքական հայտարարություններ, մի՛ ակնկալեք քաղաքական բովանդանություն, եթե ուզում եք ընդհանրապես ՀՀ-ում ունենալ դատավոր։
Այս մասին ԱԺ լիագումար նիստի ժամանակ ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։
Տարոն Սիմոնյանն ասաց, որ միշտ էլ հաջողել են այն պետությունները, որոնք քաղաքականությունը ստորադասել են իրավունքին։ Նրանք, ովքեր քաղաքականությունն են ծառայեցրել ժողովրդին, առաջնորդվել են կլանային ու նեղ անձնական շահերով։
«Հույս ունեմ, որ քաղաքական գիտակցումը մեզանում կհասունանա մինչև այն մակարդակ, որ մենք առաջնահերթությունը կտանք իրավական գիտակցությանը։ Ինձ մոտ կարծիք ձևավորվեց, հուսով եմ՝ սխալ, որ պատգամավորներն ուզում էին՝ դատարանի թեկնածուն անի քաղաքական հայտարարություններ։ Ընդ որում, այնպիսի հայտարարություններ, որոնք կհամապատասխանեն իրենց ընկալումներին»։
Սիմոնյանն ասաց՝ ինքը հասկանում է, որ հեղափոխությունից հետո դրա մասնակիցները համահարթեցում են անում, բայց գոնե մասնագիտական տիրույթում համահարթեցում չպետք է պահանջեն․ դրա արդյունքը վատն է, երբեմն՝ հրաժարումը պետականությունից։
Վերաքննիչ դատարանի նախագահի թեկնածու Լիլիթ Թադևոսյանի մասին խոսելիս Սիմոնյանն ասաց, որ նա իր անցած ճանապարհով, գիտելիքներով ցույց է տվել իր մասնագիտական ձեռնահասությունը։ Իրավաբանները, փաստաբանները, դատախազներն ու քննիչները լավ են տեղեկացված, թե ինչ լուրջ մասնագետի հետ գործ ունենք։ Սա բավարար է, որ մենք հնարավորություն տանք նրան զբաղեցնել նախագահի պաշտոնը Վճռաբեկ դատարանում։
Հիշեցնենք, որ ԱԺ-ն քննարկում է Վերաքննիչ դատարանի նախագահի պաշտոնում Լիլիթ Թադևոսյանի ընտրվելու հարցը։