«Ժողովուրդ»-ը գրում է. «Հայաստան գազի ներկրման ծավալները մեկ տարվա ընթացքում ավելացել են: «Մայրուղային խողովակաշարային» բեռնափոխադրումների ծավալները աճել են 1.8 տոկոսով: Ավելին՝ բեռնափոխադրումների այս տեսակի դեպքում պաշտոնական վիճակագրությունը արտահանման եւ ներկրման տարանջատում չի անում, քանի որ ընդհանուր խոսքը գնում է միայն ներկրման մասին, եւ այն էլ՝ կոնկրետ մեկ տեսակի ապրանքի գազ: Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ գազի ներկրումը Հայաստան անցյալ տարի, 2019 թվականի համեմատ, թեկուզ չնչին, բայց ավելացել է»:
«Հայաստանի Հանրապետություն»-ը գրում է. «Կապանի ճանապարհին՝ Ճակատենի հատվածում տեղի ունեցած իրադարձությունները հաստատում են փորձագետների այն կանխատեսումները, որ Վարդենիսից մինչև Մեղրի ընկած սահմանային հատվածներում ադրբեջանաթուրքական զույգը սադրանքների է դիմելու: Ադրբեջանական սահմանապահ ուժերի զինծառայողները նախ փակել էին սահմանի մոտ գտնվող ճանապարհով անցնող Ճակատեն գյուղի բնակչի ճանապարհը, այնուհետև սահմանապահ դիրք տեղակայել դեպի Կապան գնացող ճանապարհի հարևանությամբ»:
«Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին պատրաստվում է այցելել Ռուսաստան։ Նա մեկնելու է այսօր՝ փետրվարի 10-ին, վերադառնալու է 11-ին։ Թե որն է այցի նպատակը, ինչ հանդիպումներ է ունենալու և ինչ հարցեր է քննարկելու, մեզ չհաջողվեց պարզել։ Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը մեր հարցին ի պատասխան, երեկ ասաց․ «Այս պահին ես նման տեղեկություն չունեմ, եթե լինի, մենք կտեղեկացնենք»։ Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի օրն է վերադարձել Մոսկվայից։ Ընդդիմադիր լիդերները պատրաստվում են նոր հանդիպման՝ քննարկելու Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններից հրաժարվելու որոշումը»:
«Իրավունք»-ը գրում է․ «Նախորդ համարում՝ «Ում հաշվին է պարտված երկրի ղեկավարի կինը նման ճոխ ծախսեր անում» վերտառությամբ հրապարակման մեջ գրել էինք, որ վարչապետի ընտանիքի անդամները շրջագայություններ են կազմակերպում տարբեր երկրներ, բայց հանրությանը չի իրազեկվում, թե ում հաշվին: Գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի գրասենյակից մեզ հարցի պատասխանը ստանալ չի հաջողվում, քանի որ վերջինս մամուլի պատասխանատու չունի:
Մենք հարցն ուղարկել ենք կառավարություն, հույս ունենալով, որ կստանանք հստակ պատասխան: Բայց կառավարությունից, ինչպես որ ենթադրվում էր, ստացել ենք հետևյալ պատասխանը. «Ձեր հարցի հասցեատերը կառավարությունը չէ»»:
«Հրապարակ»-ը գրում է. «Արայիկ Հարությունյանն Արցախի գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրել է Գուրգեն Ներսիսյանի թեկնածությունը, ով Արցախում ընդունված խոսակցությունների համաձայն՝ հայտնի սորոսական է, ավելին՝ Դանիել Իոաննիսյանի մտերիմը։ Ներսիսյանը համակարգի աշխատող է, իսկ վերջին համապետական ընտրություններին սորոսական թեկնածու Մասիս Մայիլյանի աջակիցներից է եւ ակտիվ աշխատել է Մայիլյանի համար։ Արցախի քաղաքական շրջանակներում կասկած չունեն, որ սա ՀՀ-ից թելադրված հերթական որոշումն է, որով Նիկոլ Փաշինյանը փորձում է սորոսականների դիրքերն ամրացնել նաեւ Արցախում»։