Գևորգ Պետրոսյանի՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու որոշումն անակնկալ է եղել խմբակցության բոլոր անդամների համար։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։ Նա նշեց, որ խմբակցությունում այդ թեմայով որևէ քննարկում չի եղել։
Արման Աբովյանի խոսքով՝ դա Գևորգ Պետրոսյանի որոշումն է։
«Գևորգ Պետրոսյանը պարոն Ծառուկյանի մոտ միշտ ունեցել է շատ մեծ հարգանք, լավ վերաբերմունք, այստեղ էլ ոչ մի խնդիր չկա»,- նկատեց Արման Աբովյանը։
Իսկ Գևորգ Պետրոսյանը հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ ԲՀԿ-ն իր համար զսպաշապիկ էր, ինքը հանդես էր գալիս թիրախային ու խիստ քննադատությամբ, ինչը հարուցում էր կուսակցության անհասկանալի անհանգստությունը։ Նախկին կուսակցի այս խոսքերն Արման Աբովյանի համար զարմանալի են։ Շեշտում է՝ թե՛ ինքը, թե՛ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մյուս պատգամավորները ոչ պակաս քննադատական ելույթներով են հանդես գալիս։
Ինչ վերաբերում է մամուլում շրջանառվող լուրերին, թե Ծառուկյանի որոշմամբ՝ ԲՀԿ-ի հաջորդ նախընտրական ցուցակում չէին լինելու Գևորգ Պետրոսյանի ու ևս երկու պատգամավորների անուններ, գուցե դրանո՞վ է պայմանավորված Պետրոսյանի որոշումը՝ խմբակցության քարտուղարն արձագանքեց․ «Կարող եմ հստակ ասել, որ այդ լուրերը պարզապես ասեկոսեներ են։ Ընդ որում, կոչ եմ անում հավատալ դրանց։ Փորձում են շինծու սենսացիաներ ստեղծել։ Պարզ է, որ այդ մարդիկ նման տեղեկություններ տարածելով փորձում են մեզ վրա ազդել»։
Սակայն, Արման Աբովյանը հիասթափեցնում է իրենց կուսակցության անվան հետ կապված լուրեր տարածողներին և պնդում՝ նրանց մոտ ոչինչ չի ստացվելու։
Հարցին, թե ճի՞շտ են լուրերը, որ Նիկոլ Փաշինյանը ԲՀԿ-ի հետ համագործակցության փորձեր է անում, Աբովյանը պատասխանեց․ «Համագործակցություն հնարավոր չէ։ Հիշեցնեմ՝ Գագիկ Ծառուկյանի վերջին հարցազրույցը, որտեղ նա բացառեց Նիկոլ Փաշինյանի հետ հնարավոր համագործակցությունը և հայտարարեց՝ եթե արտահերթ խորհրդարանական ընտրություններ լինեն, ԲՀԿ-ին կմասնակցի միայնակ՝ առանց դաշինքի»։
Հիշեցնենք, որ Գևորգ Պետրոսյանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու մասին հայտնել էր փետրվարի 16-ին՝ նշելով, որ իր համար անընդունելի է հստակ քայլեր կատարելու հարցերում հապաղումը։ Պետրոսյանը կշարունակի աշխատել խորհրդարանում՝ որպես անկախ պատգամավոր։