Ասում են մեզ խաբեցին, ոչ, իրենք մեզ չխաբեցին, մենք խաբվեցինք: Եթե կարդայիք, թե այդ մարդիկ ինչ էին ասում նախորդ տարիներին, դուք երբեք նրանց չէիք ընտրի: Այս մասին փետրվարի 20-ին Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարել է «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
«Մենք կորցրեցինք գրեթե ամեն ինչ, պետությունը անկախ չէ, մեր անվտանգությունը հիմա ապահովում է Ռուսաստանը, այսինքն՝ մենք հիմա դառնում ենք այդ իմաստով կախյալ Ռուսաստանից: Սրանք մտածում են՝ գնան, քծնեն Պուտինին, տակից իրենց ուզածն անեն, դա ընկերություն կլինի: Ոչ, դա ընկերություն չի, անգամ բակի խաղերի մեջ դա չէր անցնում»,- նշել է Վազգեն Մանուկյանը:
Նա շեշտել է, որ մենք պետք է որոշենք մեր ճակատագիրը՝ ուրիշների հետ հաշվի նստելով: Վազգեն Մանուկյանի խոսքով՝ ինչ ցույցեր էլ անեն, Նիկոլ Փաշինյանն ինքնակամ հրաժարական չի տալու:
«Ուրեմն պետք է ջարդել նրա հենարանները: Առաջինը մեր հայրենակիցների այն հատվածն է, որը չի գիտակցում, թե այս պետությունն ուր է գնում, մինչև դժբախտությունը իր դռանը չչոքի: Երկրորդ հենարանը ուժային կառույցներն են: Երրորդ հենարանը ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանին պաշտպանող պատգամավորներն են»,- ասել է Վազգեն Մանուկյանը՝ ավելացնելով, որ պետք է ջարդել նրա հենարանները:
«Հայաստանը պետք է եռա, ամեն օր պետք է լինեն ցույցեր, շարասյուներով պետք է պտտել ամբողջ Հայաստանը, ոտքի կանգնեցնել մարդկանց և միասնական ջարդել այն հենարանները, որոնց վրա հենվում է Նիկոլ Փաշինյանը»,- նշել է նա:
Վազգեն Մանուկյանը խոսել է նաև «Պլան Բ»-ի մասին. «Ցանկացած օր դա կարող է լինել մի քանի օրից, մի ամսից կամ ուրիշ օր, պետք է պատրաստ լինել ապստամբելու: Դրա համար պետք է այս շարժումը տեղերում կազմակերպի կոմիտեներ, բոլոր մարզերում, կոլեկտիվներում պատրաստվել»: