Նախորդ օրը Ազատություն ռադիոկայանի «Կիրակնօրյա վերլուծականի» հյուրն էր ԱԺ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որը պատասխանեց այս օրերին քննարկվող մի շարք հարցերի: Մասնավորապես, անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, ըստ որի պատերազմի օրերին զրահաբաճկոնները ձեռք են բերվել բավական բարձր գնով՝ 600 դոլարով, Քոչարյանը նկատեց, թե եթե Սարգսյանը գտնում է, որ այդ գործարքում առկա են կոռուպցիոն տարրեր, ապա կարող է դիմել համապատասխան մարմիններին՝ պարզելու գնումների մանրամասները:
Ապա խոսք գնաց Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքների ժամանակ հնչեցվող հայտարարությունների մասին: Քոչարյանը նշեց, որ Վազգեն Մանուկյանն ամեն անգամ հանդես է գալիս նոր ոճի հայտարարություններով՝ մեկի ոտքերը ջարդել, մյուսի թևերը կոտրել, թե պիտի հատ-հատ գնան իմքայլական պատգամավորների հետևից: Քոչարյանը Վազգեն Մանուկյանին կոչ է անում ոչ թե ուրիշներին ուղարկել, այլ անձամբ գնալ, որպեսզի դուռը բացողները հասկանան, թե իրենց հետևից ով է եկել, ինչու է եկել, և ինչպես պաշտպանվել նրանցից:
Ապա նա անդրադարձավ Վազգեն Մանուկյանի այն հայտարարությանը, թե պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ գրավել կառավարական շենքերը: Հիշեցնելով նոյեմբերի 10-ին տեղի ունեցածը, ասաց, թե նման հայտարարություններ անելուց առաջ պետք է իմանալ, որ այդ շենքերը գտնվում են պետական պահպանության տակ, իսկ դա նշանակում է, որ պետական անվտանգության համակարգը մոնոպոլ իրավունք ունի կրակելու: