ԱԺ-ն առաջին ընթերցմամբ քննարկեց «Պետական տուրքի մասին» և հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթը:
Արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանն ասաց, որ Հայաստանի դատական համակարգում գործող պետական տուրքերը 1999 թվականից չեն փոխվել, մինչդեռ Համաշխարհային բանկի տվյալներով՝ այս տարիներին սոցիալ-տնտեսական ցուցանիշները միջինում աճել են 4.1 անգամ: Մասնավորապես, ըստ նրա՝ փոխվել են ՀՆԱ-ն՝ մեկ շնչի հաշվով, նվազագույն աշխատավարձի, նվազագույն սպառողական զամբյուղի չափերը։
Վահե Դանիելյանի ներկայացմամբ՝ նոր փոփոխությամբ՝ առաջին ատյանի դատարան դրամական պահանջներով 2 տոկոսի հայցագինը դարձվել է 3 տոկոս, սահմանվել է առավելագույն չափ՝ 25 մլն դրամ: Գործող օրենքով այդ սահմանափակումը չի եղել: Սահմանվել է նաև պետական տուրքի առավելագույն չափը՝ Վերաքննիչ դատարանում 15 մլն դրամ, Վճռաբեկ դատարանում՝ 10 մլն դրամ: Իսկ դատարաններ դիմելու համար պետական տուրքի նվազագույն չափը 6000 դրամ է սահմանվել:
«Դատարան դիմելու առումով պետական տուրքն ապահովում է դատարանների ծախսերի փոխհատուցում և քաղաքացիների դեմ անհիմն հայցերից պաշտպանվածություն։ Պետական տուրքի բարձրացումն ի վնաս քաղաքացու չէ, այլ հակառակը»,-վստահեցրեց փոխնախարարը։
Նա նշեց, որ արբիտրաժի վճռի կատարողական թերթի համար արտոնություն է սահմանվել՝ այսուհետև գումար չի գանձվելու, մինչդեռ գործող օրենքով գանձվում էր որոշակի գումար: Պետական տուրքից ազատվում են նաև հավաքի անցկացման վերաբերյալ համայնքի ղեկավարի գործողությունների իրավաչափությունը վիճարկելու, շրջակա միջավայրի պաշտպանության վերաբերյալ դիմումները:
ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանը նկատեց, որ կառավարությունը սխալ ճանապարհ է ընտրել՝ փորձելով դատական ծառայության համար գանձվող գումարի ավելացմամբ թոթափել դատարանների ծանրաբեռնվածությունը։
«Դատարանի ծանրաբեռնվածությանը թոթափելու տարբերակներն այլ են։ Օրինակ, պետք է զարգացնել հաշտարարի ինստիտուտը, որպեսզի մենք քաղաքացիներին ուղղորդենք վեճերի լուծման այլ խողովակներ»,- մատնանշեց պատգամավորը։