«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ զինված ուժերի կազմում կառուցվածքային փոփոխություններ են սպասվում, բայց դրանք ոչ թե արվում են, որպեսզի պատերազմից հետո մեր բանակի մեջքը ուղղվի, սահմանները ամրանան, ու կարողանանք ադրբեջանական սադրանքներին դիմակայել, այլ անձնական խնդիր է դրել Օնիկ Գասպարյանի հետ վարչապետի հրաժարականը պահանջած զինվորականներին ազատել բանակից եւ շարունակել Զինված ուժերի ջլատման ու կազմաքանդման կիսատ մնացած գործը։ Եվ որպեսզի ամեն ինչ հնարավորինս հարթ ընթանա, ՀՀ ՊՆ Վաղարշակ Հարությունյանի հետ միասին ԳՇ պետի աշխատասենյակը զբաղեցնող Արտակ Դավթյանը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, այս օրերին քննարկում է բանակային կորպուսները խոշորացնել, ստեղծել մեծ հրամանատարական կետ, որը կբերի նոր կրճատումների»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլից» դուրս եկած պատգամավորները թիրախավորված են: Պրոցեսը կառավարում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, ում հրահանգով վարկաբեկում են նրանց։ Տարբեր խողովակներով նամակներ են ուղղվում պետական գերատեսչություններին, որպեսզի ինչ-որ կոմպրոմատներ գտնեն նրանց մասին` հրապարակեն ու խայտառակեն: Մենք գրել էինք, որ Թագուհի Թովմասյանի հարազատների շրջանում ստուգումներ են սկսել, որ անօրինական բան գտնեն, դեռ չի հաջողվել: Արսեն Թորոսյանը, որը կառավարում է վարչապետին կից ֆեյքերի ՊՈԱԿ-ը, հրահանգել է առաջ տանել այն թեզը, թե Թովմասյանն իր քավոր Սասուն Միքայելյանին դավաճանել է՝ դուրս գալով «Իմ քայլից»:
«Իրավունք» թերթը գրում է. «Բոլորովին վերջերս «Իրավունքը» գրեց, որ Աննա Հակոբյանը հանդիպել է Տավուշի արդեն նախկին մարզպետ, այժմ ԲՏԱ նախարար Հայկ Չոբանյանին:
Պարզվում է՝ Հակոբ Արշակյանին պաշտոնանկ անելու մտադրություն իշխանական ընտանիքն ունեցել է դեռևս մարտի սկզբին: Մեր տեղեկություններով՝ ՀՀ ստվերային ղեկավար Աննա Հակոբյանը Հայկ Չոբանյանին դեռ մարտի 12- ին ԲՏԱ նախարար դառնալու առաջարկ է արել, իսկ ահա Չոբանյանն առանց վարանելու համաձայնել է:
Իսկ թե ով է Աննա Հակոբյանը, որ զբաղված է պաշտոններ բաժանելով, հարցրեք «հպարտ» քաղաքացիներին»:
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նախօրեին ռուսական առաջին ալիքին տված հարցազրույցում հայտարարեց, որ արտահերթ ընտրություններին մասնակցելու է դաշինքով՝ գլխավորելու է 2 կամ 3 կուսակցությունների նախընտրական դաշինքը՝ չնշելով, թե որ ուժերի մասին է խոսքը։
Որոշ տեղեկություններով՝ մեկը ՀՅԴ-ն է, երկրորդը՝ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի նորաստեղծ «Վերածնվող Հայաստանը», որի վարչության կազմում են Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը, Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը, Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը, Տեղի համայնքապետ Ներսես Շադունցը, Տաթեւի նախկին քաղաքապետ Մուրադ Սիմոնյանը։ Երրորդը կարող է լինել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի «Հայրենիքը», որի հետ բանակցություններ են ընթանում։ Ցուցակում կընդգրկվեն նաեւ այլ ուժերի ներկայացուցիչներ»: