Ռուսաստանը հնարավոր է ձգտում է պահպանել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և ոչ թե կարգավորել այն։ Այս մասին հայտնում է TASS-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Ջորջ Քենթի խոսքերը։
«Ես ակնկալում եմ ադրբեջանական իշխանությունների դժգոհության ավելացում այն բանից հետո, երբ ռուս խաղաղապահները, ինչպես ենթադրվում է, ԼՂ-ում կմնան երկարաժամկետ հեռանկարում»,- ասել է Քենթը։
Վերջինս հայտնել է նաև, որ ԱՄՆ-ը ողջունում է Ադրբեջանի ու Հայաստանի միջև ռազմական գործողությունների ավարտը․ «Մենք ողջունում ենք անցյալ տարի նոյեմբերին ռազմական գործողությունների ավարտը, որի արդյունքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջ քաշեց հրադադարի պայմանները»։
Նա շեշտել է նաև վերջնական կարգավիճակի համաձայնությանը հասնելու ճանապարհի մասին։ Նա հիշեցրել է, որ մինչ այժմ կարգավորումն ընթացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, սակայն, այդ մեխանիզմի առաջ որոշ մարտահրավերներ կան»,- ասել է դիվանագետը՝ նշելով, որ Մինսկի խումբը կմնա առանցքային այն աստիճանի, որում երկու կողմերը պատրաստ են հասնել համաձայնության։
«Մեկ այլ բաց հարց էլ Ռուսաստանի մտադրություններն են։ Մոսկվան որոշեց չհասնել հրադադարի ՄԽ համանախագահների մեխանիզմով, այլ դա ապահովեց ուղիղ՝ եռակողմ ձևաչափով»,- ասել է Քենթը՝ շեշտելով, որ ԱՄՆ-ը պատրաստ է Հայաստանին և Ադրբեջանին օգնություն ցուցաբերել հակամարտության լուծման հարցում, եթե Երևանն ու Բաքուն դրանում շահագրգռված լինեն։