Ինձ համար մշտապես մեծ պատիվ և հաճույք է հանդիպել Վրաստանի հանրապետության կառավարության հետ և բարեկամական մթնոլորտում քննարկել երկու երկրների միջև համագործակցության օրակարգը։ Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպմանը։
Փաշինյանի խոսքով՝ Վրաստանի հետ առանձնահատուկ բարեդրացիական հարաբերությունների զարգացումն առանցքային տեղ է զբաղեցնում Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ։ «Մեր երկու ժողովուրդները միահյուսված են բազմաթիվ թելերով։ Մեր դարավոր բարեկամությունը, ինչպես նաև ժողովրդավարության և օրենքի գերակայության ընդհանուր արժեքները կազմում են այն ամուր հենքը, որի վրա խարսխված է մեր երկու պետությունների գործընկերությունը»,- նշեց Փաշինյանը։
Նա կարևորեց Վրաստանի հայ համայնքի դերը՝ նշելով, որ այն հանդիսանում է այն կամուրջը, որն էլ ավելի ամուր է կապում երկու երկրները։
Փաշինյանը նշեց, որ հարևան Վրաստանի հետ ունենք դինամիկ զարգացող համագործակցություն, որն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ։
«Այս հանդիպման ընթացքում մենք անդրադարձանք տրանսպորտի, էներգետիկայի, տնտեսության այլ կարևոր ոլորտների համագործակցության ընթացիկ վիճակին և զարգացման հնարավորություններին»,- ներկայացրեց վարչապետի պաշտոնակատարը։
ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ու Վրաստանի վարչապետը որոշել են առևտրի և տնտեսական համագործակցությունն էլ ավելի զարգացնել։
«Մեր կողմից մասնավորապես նշվեց տարածաշրջանային հաղորդուղիների արդյունավետ օգտագործման և տարանցման ներուժի զարգացման կարևորությունը։
Քննարկվել են նաև կրթության, մշակույթի, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հարցեր։ Բացի այս, մտքեր են փոխանակվել մեր երկրներում համավարակի դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին»,- ասաց նա։
Փաշինյանն ընդգծեց, որ հայ-վրացական գործընկերությունը մեր տարածաշրջանում կայունության ապահովման կարևորագույն երաշխիքներից է։
«Անդրադառնալով տարածաշրջանային հիմնախնդիրներին՝ ես համոզմունք հայտնեցի, որ Ղարաբաղյան հակամարտությունը պետք է իր վերջնական կարգավորումը ստանա ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների հովանու ներքո գործընթացի շրջանակներում և նրանց առաջարկած սկզբունքների հիման վրա: Ես նաև վստահություն հայտնեցի, որ յուրաքանչյուր հակամարտություն ունի իր առանձնահատկությունը։ Այս առումով կարևորեցի միմյանց համար զգայուն հարցերի շուրջ հավասարակշիռ և կառուցողական դիրքորոշման պահպանումը»,- նշեց վարչապետի պաշտոնակատարը։