«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարին՝ Մուրադովին, արդեն փոխարինող կա․ հաջորդ 6 ամիսն Արցախում ծառայությունը կշարունակի ՌԴ զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ալեքսեյ Ավդեեւը։ Նա այսօր կժամանի Ստեփանակերտ, 2 շաբաթվա ընթացքում գործերի ընդունում-հանձնում տեղի կունենա։ Ավդեեւն ազգությամբ ուզբեկ է, ծնվել է 1967-ին, Տաշքենդում, մոտոհրաձգային զորքերի գեներալ է»։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Որքան էլ իշխանության տարբեր ներկայացուցիչներ և իշխանական «հարթակներ» պարբերաբար հայտարարում են այն մասին, թե իշխանության դիրքերն ամուր են, և իրենք քվեի խնդիր չունեն, այնուհանդերձ, իրականում իրենք էլ գիտեն, որ ամեն ինչ ճիշտ հակառակն է: Իշխանության կողմից պատվիրված վերջին սոցհարցումներից հայտնի է դարձել, որ տխուր պատկեր է հատկապես մայրաքաղաքում, ավելին՝ Նիկոլ Փաշինյանին զեկուցել են, որ Երևանում հնարավոր է ՔՊ-ն հայտնվի երրորդ հորիզոնականում»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հետպատերազմյան Հայաստանում քաղաքական կյանքը շատ բուռն է, նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներից սկսած՝ մայրաքաղաքում հանրահավաքների ու մասսայական երթերի պակաս չի եղել: Ամեն հանրահավաքից հետո կազմակերպիչների, ՀՀ ոստիկանության ու ՀԿ-ների` հավաքների մասնակցության թվերի մասին տվյալները, սովորության համաձայն, տարբերվել են, ինչը մեր երկրում կարծես թե բնական է դարձել: Օրինակ` 2021թ.-ի մարտի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքի ժամանակ (մեկնարկը 18:00), ըստ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի, 18:54-ին ներկա է եղել շուրջ 26հզ մարդ, այդ օրվա հանրահավաքի մասնակիցների մասին իշխանությունները այլ կարծիք ունեն եւ խոսում են 40-50 հազարից ավելի մարդու մասին»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Հրազդանում արդեն նախընտրական կրքերը եռում են։ Մենք տեղեկացանք, որ ՀՅԴ եւ «Վերածնվող Հայաստան» դաշինքի Հրազդանի գրասենյակը կղեկավարի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Հրազդանի մասնաճյուղի նախկին տնօրենը՝ ՀՅԴ անդամ Արտաշ Հունանյանը: «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբը Հրազդանում կղեկավարի Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը: Նա իր շուրջն է հավաքել թիմակիցներին, քաղաքապետարանի բաժինների նախկին պետերին: Հրազդանում 300-ից ավելի ՀՀԿ անդամ կա, ովքեր դուրս չեն եկել ՀՀԿ-ից եւ այժմ ակտիվ լծվել են նախընտրական աշխատանքներին»:
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Աստիճանաբար ավելի ցցուն են դառնում Ռուսաստան-Ադրբեջան հակադրությունները: Լինելով տարածաշրջանում խաղաղության, կայունության և հրադադարի երաշխավոր՝ ռուսական կողմը պարբերաբար արցախյան հակամարտության կողմերից պահանջում է կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջները: Ադրբեջանն աստիճանաբար ուժեղացնում է ՌԴ-ին այդ հարցում հակադրվելու շեշտադրումները: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ` Մոսկվան հայտարարում է, որ պետք է վերսկսվեն բանակցություններն Արցախի կարգավիճակի որոշման նպատակով, ի պատասխան դրան Ալիևը հայտարարում է, որ Արցախի հարցը լուծված է, և այն նա արել է պատերազմի միջոցով»։