Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ:
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ ու Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանին, Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանին, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին հանձնարարել է.
«Առաջին. միջոցներ ձեռնարկել Հավաքական անվտանգության պայմանագրի 2-րդ հոդվածով նախատեսված խորհրդակցությունների մեկնարկելու ուղղությամբ, մասնավորապես, ՀԱՊԿ անդամ երկրների դիրքորշումները համակարգելու և ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար:
Երկրորդ. միջոցներ ձեռնարկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության 2010 թվականի դեկտեմբերի 10-ի ճգնաժամային իրավիճակներին արձագանքման կանոնակարգով նախատեսված ընթացակարգերի մեկնարկի համար: Սույն կարգով, հիշեցնեմ, սահմանվում է ճգնաժամային իրավիճակների հանգուցալուծմանն ուղղված համատեղ գործողությունների վերաբերյալ որոշումներ ընդունելու մեխանիզմը»: