Հարկային օրենսդրության կիրառության իմաստով հարկվող գործարքը տեղի է ունենում անշարժ գույքի փաստացի օտարման փուլում, մինչդեռ օտարվող անշարժ գույքի գինը, հետևաբար՝ նաև հարկվող բազան որոշվում է նախօրոք՝ գնման իրավունքի վաճառքի փուլում:
Գնման իրավունքի վաճառքի և անշարժ գույքի փաստացի օտարման միջև ընկած ժամանակահատվածում անշարժ գույքի շուկայում կարող են տեղի ունենալ գների փոփոխություն, ինչն իր ազդեցությունը կարող է ունենալ նաև անշարժ գույքի մոտարկված շուկայական արժեքների վրա:
Արդյունքում հարկային օրենսդրությամբ ամրագրված կարգավորումները անշարժ գույքի կառուցապատողների համար ձևավորել են մի շարք անորոշություններ, որոնք պայմանավորված են այն հանգամանքի հետ, որ բազմաբնակարան շենքի կառուցապատման ընթացքում անշարժ գույքի գների բարձրացման և դրա հետևանքով անշարժ գույքի մոտարկված արժեքների հնարավոր բարձրացման հետևանքով, ըստ էության, բարձրանալու են նաև այդ գույքի մասով ԱԱՀ-ով և շահութահարկով հարկման բազաները՝ ոլորտի տնտեսավարող սուբյեկտների մոտ ձևավորվելով չկանխատեսված լրացուցիչ հարկային պարտավորություններ:
Կառավարության մայիսի 20-ի նիստի ժամանակ ընդունվեց վերը նշված խնդիրները կարգավորող նախագիծ, որը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է լուծել անշարժ գույքի հարկման բազաների վերանայման արդյունքում կառուցապատող տնտեսավարող սուբյեկտների մոտ ԱԱՀ-ի և շահութահարկի մասով առաջացած խնդիրները: