Շնորհավորում եմ Հանրապետության տոնի կապակցությամբ։
1918 թվականի մայիսի 28- ին՝ դարավոր և ծանր ընդհատումներից հետո, վերականգնվեց Հայոց պետականությունը։
Սա մեր նոր պատմության ամենալուսավոր էջերից է, որ գրվեց մեր ժողովրդի հավաքական կամքով, նրա լավագույն զավակների հերոսական ջանքերով ու հեղած արյամբ։ Այս մասին գրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Պատմական զուգահեռները միշտ էլ պայմանական են։ Սակայն Հայաստանի ներկա վիճակն արդեն բնորոշվում է ոչ թե ներքաղաքական, այլ՝ պետականության ճգնաժամով։ Մենք ազգովի կանգնած ենք պետականությունը փրկելու հրամայականի առջև։
1918 թվականի մայիսի 28-ից առ այսօր մենք ապրել ենք բազմաթիվ ոչ պակաս ծանր պահեր, քան ներկայումս։ Բայց այսօր մենք, ի հակադրություն օրվա ծնկաչոք և խայտառակ իշխանությունների, ունենք վճռականություն։
Մենք տեսնում ենք լուրջ նախադրյալներ՝ ամուր պետականություն կառուցելու, կազմալուծված պետական ինստիտուտները և մեր հասարակության ողջ կյանքը վերագործարկելու համար։
Համոզված եղեք, որ մենք, որպես ազգ, պատվով ենք դուրս գալու ներկա փորձություններից, վերակերտելու ենք և նոր բարձունքների ենք տանելու Հայաստանի Հանրապետությունը։