«Հայաստան» դաշինքը ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը
Առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած «Հայաստան» դաշինքը մայիսի 29-ին ներկայացրեց իր թիմը և ծրագիրը: «Հայաստան» դաշինքի անդամ, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ներկայացնելով իրենց նախընտրական ծրագիրը, նշեց, որ այն անվանել են «365 օր. Ապագան սկսվում է հիմա»:
«Այս ծրագիրը մենք չենք համարում ավարտուն փաստաթուղթ, սա մեր սկզբունքային դիրքորոշումն է: Մեր նպատակն է հետադարձ կապի միջոցով ստանալ առաջարկներ, նոր գաղափարներ, ինչու չէ նաև առարկություններ: Մենք կոչով դիմում ենք հանրությանը, մասնագիտական համայնքներին․ ձեր կարծիքները չափազանց կարևոր են մեզ համար: Դրանով ընդգծում ենք մեր թիմի կարևոր սկբունքներից մեկը՝ մասնակցային կառավարում»,-ասաց Արմեն Գևորգյանը:
«Հայաստան դաշինք»-ի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, անդրադառնալով անվտանգության ու արտաքին քաղաքական հարցերին, նշեց, որ այդ ոլորտներում առկա է ձախողում: Առաջին աշխատանքը, որ կատարելու են, զինված ուժերի մատունակության վերականգնումն է: Նրա խոսքով՝ արժանապատիվ խաղաղություն ապահովելու համար, այլ ճանապարհ չկա: Բանակը երկրի անվտանգության ողնաշարն է, այն պետք է լինի ժամանակակից, պրոֆեսիոնալ ու մարտունակ:
«Մեր բանակը աջակցության ու լուրջ բարեփոխման կարիք ունի: ԱԱԾ-ն պետք է կրկին երկրի անվտանգության հարցերով զբաղվի: Ոստիկանությունը ստեղծված չէ մեկ պաշտոնիայի անվտանգ տեղաշարժն ապահովելու համար: Մենք կվերադարձնենք ոստիկանությունը ՀՀ օրենքներով գործառույթների դաշտ»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը: