Հասարակության ծայրահեղ բևեռացման պայմաններում Ազատական կուսակցության համար բավական դժվար էր իրականացնել իր քարոզարշավը։
Այս մասին հունիսի 18-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ամփոփելով քարոզարշավի արդյունքները, հայտարարել է կուսակցության ցուցակի առաջին համարը՝ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։
Նրա խոսքով՝ հասարակության երկու բևեռների տարանջատման մեջ քիչ չեն ԶԼՄ-ները, որոնց մի մասը վերահսկվում է իշխանությունների կողմից, մյուս մասը՝ ընդդիմախոսների կողմից։ Բաբայանը դժգոհել է քարոզարշավին հատկացված կարճ ժամանակահատվածի համար՝ նկատելով, որ 12 օրում հնարավոր չէ աշխատանք տանել երկրի բոլոր մարզերում և խոշոր քաղաքներում՝ հանրությանը կուսակցության ծրագրերն ու գաղափարները ներկայացնելու համար։ «Այնուամենայնիվ, մեզ հաջողվեց հաղթահարել առկա խնդիրները, իսկ մնացածը թողնում ենք ժողովրդի դատին, թող լուծի», – հայտարարեց Սամվել Բաբայանը՝ հավելելով, որ երախտագիտությամբ կընդունի ժողովրդի ցանկացած որոշում։