Միջազգային դիտորդական առաքելության գնահատմամբ՝ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները եղել են մրցակցային և կարճ ժամանակահատվածում լավ կազմակերպված: Այս մասին հայտարարել են ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ), ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) և Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) համատեղ դիտորդական առաքելության ներկայացուցիչները:
«Մեր եզրակացությունն այն է, որ 2021-ի հունիսի 20-ի խորհրդարանական ընտրությունները կարճ ժամանակահատվածում մրցակցային էին և լավ կազմակերպված»,-ասել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավար Քարի Հենրիկսենը:
Այնուամենայնիվ, դիտորդները նկատել են ինտենսիվ բևեռացում և մրցակիցների շրջանում բորբոքված հռետորաբանություն: Առաքելությունը եզրակացրել է, որ ընտրական իրավական դաշտը հիմնականում ընդգրկուն է եղել, բայց որոշ թերություններ դեռ կան: Նա նշել է, որ Ընտրական օրենսգրքում վերջերս կատարված փոփոխությունների իրագործման համար սահմանափակ ժամանակ է եղել: ԿԸՀ-ն իրականացրել է իր աշխատանքը՝ թափանցիկ և պրոֆեսիոնալ:
«Մեր առաքելության ճնշող մեծամասնությունն ընդհանուր առմամբ, դրական է գնահատում ընտրությունների օրը՝ ներառյալ ձայների հաշվարկը»,-նշել է Հենրիկսենը:
Նա նկատեց, որ քարոզարշավի ընթացքում ցուցակի կանայք մեծապես բացակայել են: «Կարևոր է, որ կանայք, ոչ միայն հավասարապես ներկայացված լինեն, այլ նաև հնարավորություն ունենան ակտիվորեն ներգրավվել հանրային և քաղաքական կյանքում»,-ասել է նա:
Ըստ դիտորդական առաքելության հայտարարության՝ նախընտրական շրջանում, քարոզարշավի ընթացքում ազգային անվտանգության խնդիրները գերակշռել են քաղաքական դիսկուրսին: Ընտրությունների օրը, ընդհանուր առմամբ, խաղաղ է անցել և դիտորդները ճնշող մեծամասնությունը դրական գնահատական է տվել այցելած տեղամասերում քվեարկության գործընթացին: Այնուամենայնիվ, նշվում է, որ շատ ընտրատեղամասեր անհասանելի են եղել հաշմանդամություն ունեցող ընտրողների համար:
Միևնույն ժամանակ, դիտորդները նկատել են, որ ձայների հաշվարկի գործընթացը անցել է լավ և շատ թափանցիկ: «Խորը բևեռացումը չի խանգարել լավ անցկացված ընտրություններին», – նշել է ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Ջորջ Կատրուգալոսը:
Նա հույս է հայտնել, որ արդյունքները կընդունվեն բոլոր քաղաքական ուժերի կողմից:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Օուեն Մըրֆին էլ հավելել է. «Բոլոր թեկնածուները կարողացել են ազատ քարոզչություն իրականացնել ընտրությունների ամբողջ ընթացքում: Հիմնարար իրավունքները հարգվել են»: