ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը իր էջում գրառում է կատարել և կից տեսանյութ տեղադրել․
«Ես ցանկանում եմ բառացի մեջբերել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսակցությունը Էրդողանի տիկնոջ՝ Էմինե Էրդողանի հետ, որը տեղի է ունեցել մոտավորապես մեկ շաբաթ առաջ օկուպացված Շուշի ուղևորվելու ճանապարհին: Էմինե Էրդողանը հարց է ուղղում Ալիևին, թե արդյոք դեռ շատ հայ ռազմագերիներ կան՝ Բաքվում պահվող:
Հարցին ի պատասխան՝ Ալիևը ուրախությամբ նշում է, այո, շատ: Էմինե Էրդողանն ասում է՝ շատ լավ է, վերադարձու նրանց փոքր «պորցիաներով»: Սա բառացի նրանց խոսակցությունն է, տեսանյութը հասանելի է յութուբով: Ադրբեջանն ու Թուրքիան Եվրոպայի Խորհրդի անդամ երկրներ են, իսկ նրանց առաջնորդներն իրենց այսպես են պահում: Սա ոչ միայն հակասում է միջազգային իրավունքի տրամաբանությանը, այլ սա ուղղակի աննորմալ և անմարդկային մի բան է:
Եվ ամեն անգամ, երբ մենք գալիս ենք այստեղ, ռազմագերիների հարազատները մեզ հարցնում են՝ ի՞նչ է Եվրոպան անում, որ օգնի վերադարձնել մեր հարազատներին: Մենք պատասխանում ենք՝ քննարկում են, դատապարտում են և արդյունքում մենք ունենք ռազմագերիների՝ փոքր «պորցիաներով» վերադարձ, մինչդեռ Բաքվում բազմաթիվ գերիներ կան, իսկ նրանց ընտանիքները տառապում են: Ավելի քան կես տարի է անցել, ինչ Հայաստանը, Ադրբեջանն ու Ռուսաստանը զինադադարի հայտարարություն են ստորագրել:
Հայաստանն իրագործել է իր պարտավորությունները, Ադրբեջանն է, որ հրաժարվում է դա անել և հետո գալիս են այստեղ ու ասում՝ գիտե՞ք, մենք 15 ռազմագերի ենք վերադարձրել: Շատ շնորհակալ ենք, բայց ես ցանկանում եմ ձեզ հիշեցնել, որ դա ձեր պարտավորությունն է անհապաղ վերադարձնել բոլոր ռազմագերիներին՝ համաձայն եռակողմ հայտարարության»: