Մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստը։ Գրանցվել է 76 պատգամավոր:
Պատգամավորները նախ մեկ րոպե լռությամբ հարգեցին հայ-ադրբեջանական սահմանին երեկվա միջադեպի հետևանքով զոհված զինծառայողի հիշատակը:
Այնուհետև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքով ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած Լուսինե Եգանյանի մանդատը ԿԸՀ-ն տրամադրել է ընտրացուցակի հաջորդ թեկնածուին՝ Արա Մելիքջանյանին: Նա ԱԺ ամբիոնից երդվեց՝ ստանձնելով պատգամավորի լիազորությունները:
Նշենք, որ ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում 4 հարց է՝ «Պետական տուրքի մասին», «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքներում, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում» փոփոխությունների նախագծերը, «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր» (վարկ թիվ 3449-ARM) վարկային համաձայնագրի փոփոխությունը վավերացնելու մասին» նախագիծը: