Հայ-ամերիկյան հարաբերությունները մեր երկրի համար կարևորագույն նշանակություն ունեն։ ԱՄՆ-ն կարևորագույն դերակատարություն է ունեցել նաև ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացում։ Բացի այդ, այս տարիներին շուրջ 2 մլրդ դոլարի օգնություն է հատկացվել Հայաստանին։ Այս մասին «Ամերկայի ձայնին» տված հարցազրույցի ժամանակ նշել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը՝ խոսելով հայ-ամերիկյան հարաբերությունների մասին։ Նշենք, որ Վարուժան Ներսեսյանը մինչ այս ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն էր։
«Երկուսուկես տարիների ընթացքում մեզ համար կարևոր է եղել քաղաքական երկխոսության հետագա ծավալումը։ Մեզ հաջողվեց աշխատել այդ երկխոսության, նաև ձևաչափի հետագա ընդլայնման ուղղությամբ։ Արդյունքում՝ հաջողվեց բարձրացնել ռազմավարական երկխոսության մակարդակը»,-ասաց Վ․ Ներսեսյանը՝ հավելելով, որ առաջիկայում ռազմավարական երկխոսության նիստերը շարունակվելու են։
Նրա խոսքով՝ այս ընթացքում, այդուհանդերձ, աշխատանքները սահմանափակող գործոն են հանդիսացել կորոնավիրուսը և պատերազմը։
«Ժողովրդավարությունը շատ մեծ դեր է կատարում Հայաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններում։ 2019-ին մեզ հաջողվեց հայ-ամերիկյան միջկառավարական հարաբերությունների մակարդակը բարձրացնել ռազմավարական երկխոսության մակարդակի հենց Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական բարեփոխումների արդյունքում։ Հայ-ամերիկյան հարաբերությունները հիմնված են ընդհանուր արժեքների վրա, համամարդկային ու մարդու իրավունքների համընդհանուր արժեքների վրա։ Հայաստանը, ի տարբերություն մեր որոշ այլ հարևանների, այս առումով հայ-ամերիկյան հարաբերությունները զարգացնելու առավելություն ունի»,- ասաց նա։
Հարցին՝ ինչպե՞ս կարող է հայ դիվանագիտությունը բալանսավորել հարաբերությունները ՌԴ-ի և ԱՄՆ-ի հետ ու խուսափել շահերի բախումներից՝ հաշվի առնելով ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև առկա խնդիրները, նա պատասխանեց․
«Հայաստանը, որպես փոքր պետություն ու բարդ հարևանություն ունեցող երկիր, մեծապես շահագրգռված է, որ ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերություններն ընթանան դրական հունով, ու դրանցում հակասություններ չլինեն, որովհետև երբ այդ հարաբերություններում լարվածություն է լինում, դա լավ չի անդրադառնալու մեր տարածաշրջանի բոլոր երկրների վրա։ Այդ առումով հուսադրող էր նախագահ Բայդենի և նախագահ Պուտինի՝ Ժնևում տեղի ունեցած հանդիպումը։ Բնականաբար, դեռ լուրջ խնդիրներ կան երկրների հարաբերություններում, և մենք հուսով ենք, որ մեր երկու կարևորագույն գործընկներներին կհաջողվի ավելի դրական զարգացումներ ունենալ։ Հայաստանը ՌԴ-ի ռազմավարական դաշնակիցն է, և մենք ունենք գործընկերային հարաբերություններ ու ռազմավարական երկխոսություն ԱՄՆ-ի հետ։ Մեր գործընկերների հետ մենք պարզ ենք ու բաց։ Մենք ՌԴ-ի ու ԱՄՆ-ի հետ հարաբերությունները մեկը մյուսի հաշվին չենք տեսնում, մենք այդ հարաբերությունները զարգացնում ենք յուրաքանչյուր երկրի հետ՝ ըստ մեր օրակարգի, ու չենք փորձում հակասություններ փնտրել»։
Նա նշեց, որ, իհարկե, դժվար է այս հարաբերություններում մշտապես հավասարակշռություն պահել․ «Բայց մենք մանևրելու խնդիր չունենք։ Մենք թե՛ ՌԴ-ի, թե՛ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կառուցում ենք վստահության վրա։ Մենք չենք ցանկանում ՌԴ-ի և ԱՄՆ-ի հետ հարաբերությունները մեկը մյուսի հաշվին զարգացնել»։
Նա հայտնել է, որ ԱՄՆ օրենսդիր մարմնի հետ շատ ակտիվ հարաբերություններ ունեն․ «Հարաբերությունները շատ խորն են և ես ուրախ եմ, որ մեզ հաջողվել է թե՛ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի, թե՛ Սենատի հետ ունենալ շատ դրական ու աշխատանքային հարաբերություններ։ Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը և Թուրքիան այստեղ վարձված բազմաթիվ լոբբիստական կազմակերպություններ ունեն և միլիոնավոր դոլարներ են ծախսում։ Բայց հայկական համայնքի ու հայկական լոբբիստական կազմակերպություների միջոցով մենք կարողացել ենք այդ ամենը շատ ավելի արդյունավետ հակակշռել՝ առանց միլիոնավոր դոլարներ ծախսելու»։