«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ կառավարության աշխատակազմի նորանշանակ ղեկավար Արայիկ Հարությունյանը ինչ նշանակվել է այդ պաշտոնին, որոշել է կառավարության ղեկն իր ձեռքը վերցնել: Կառավարության մեր աղբյուրները փոխանցում են, որ նախ Հարությունյանը սկսել է որոշել, թե ով կմնա իր պաշտոնին, ով կհեռանա կառավարությունից, դրան զուգահեռ նաեւ բերում է այն կադրերին, որոնց ցանկանում է նշանակել: Ավելին՝ նա անգամ տարբեր գերատեսչությունների է ներկայացնում նորանշանակ ղեկավարին, ինչպես որ եղավ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Գևորգյանի եւ ՀՀ ՊՆ նախարարի տեղակալ Արշակ Կարապետյանի դեպքում: Մենք տեղեկացանք, որ Արայիկ Հարությունյանի այս պահվածքը արդեն հասցրել է առաջացնել նրանց թիմի անդամների զայրութը, ու, ըստ նրանց, առաջիկայում ավելի է լարվելու ներքին իրավիճակը»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկայում փոփոխություններ են սպասվում ոչ միայն Հայաստանի ՊՆ-ում, այլև Արցախի պաշտպանության բանակի կազմում։ Արցախյան մեր աղբյուրի փոխանցմամբ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը ցանկանում է հրաժարական տալ։ Բանն այն է, որ, ըստ մեր ունեցած տեղեկության, Արզումանյանն ուղղակի այլևս չի ցանկանում աշխատել Արցախի և ՀՀ ղեկավարության հետ: Միաժամանակ ընդգծենք, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ոչ մի կերպ չեն ցանկանում հրաժարվել Արզումանյանի մատուցած ծառայությունից և մտադիր են նրան համոզել, որպեսզի համաձայնի ՀՀ-ում պաշտպանական ոլորտում որևէ պաշտոն ստանձնել, սակայն Արզումանյանը, ըստ մեր աղբյուրի, կտրականապես դեմ է նման «ռակիրովկային»»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչու է հրաժարական տվել ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը։ Մեր տեղեկություններով՝ Պն-ում վերջինիս հեռանալը բավականին տարօրինակ ու զարմանալի են ընդունել, քանի որ վերջին ամիսներին, շաբաթներին Վաղարշակ Հարությունյանի մտերիմները երբ հարցրել են, թե կա խոսակցություն, որ նրան ազատելու են եւ փոխարինեն Կարապետյանով, վերջինս պնդել է, թե անիմաստ խոսակցություններ են, եւ նման բան չկա: Ու մինչ նրա մտերիմները զարմացած են ու դեռ չունեն կարեւոր հարցի պատասխանը, թե ինչու նրան ազատեցին, ՊՆ-ում այլ խոսակցություններ են պտտվում: Լուրեր կան, թե Վաղարշակ Հարությունյանի գործունեության մասով այնքան բան են հասցրել ՀՀ վարչապետին, պնդել, որ նա չի կարողանում կառավարել, չի դիմակայում տարածաշրջանի մարտահրավերներին, որ իշխանությւններն էլ որոշել են նրան փոխել: Ասել է թե՝ Վաղարշակ Հարությունյանի «տակը ՊՆ-ում փորել են», ու բանը հասել է ազատմանը»:
«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ «ԱԺ ընդդիմությանը հասանելիք երրորդ փոխխոսնակի հարցը, ըստ ամենայնի, կլուծվի հետեւյալ մեխանիզմով․ «Պատիվ ունեմ» դաշինքն առաջին փորձի հնարավորությունը կտա «Հայաստան» դաշինքին։ Ամենամեծ ընդդիմադիր ուժը կառաջադրի իր թեկնածուին, սակայն եթե գաղտնի քվեարկությամբ թեկնածուն չընտրվի, երկրորդ փորձի հնարավորությունը կիրացնի «Պատիվ ունեմ»-ը։ Իշխանական շրջանակներում, սակայն, «Պատիվ ունեմ»-ից առաջադրվող թեկնածուների հարցում էլ վերապահում ունեն․ եթե դաշինքը ներկայացնի ՀՀԿ-ական թեկնածուի, ապա կրկին կմերժեն։ Ի դեպ, Սերժ Սարգսյանը ցանկանում է, որ այդ պաշտոնը զբաղեցնի ցուցակի երրորդ համարը՝ անհայտ ու շատ երիտասարդ Աննա Մկրտչյանը՝ Քասախի գյուղապետի դուստրը, սակայն իշխանականները հակված են ՊՈւ-ից ընտրել ամենափորձառու եւ ամենահավանական թեկնածուին՝ Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանին»։
Մանրամասները՝ թերթերի այսօրվա համարներում։