Մեր տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը շարունակում է մնալ լարված, Ադրբեջանի սադրիչ քայլերը և առավելապաշտական նկրտումները նորանոր սպառնալիքներ են ստեղծում մեր տարածաշրջանի, Հայաստանի և Արցախի համար:
Այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով այն առանցքային դերը, որ կատարում է Ռուսաստանը տարածաշրջանում կայունությունն և անվտանգությունն ապահովելու գործում։
«Հայաստանի ու Ռուսաստանի Զինված ուժերի միացյալ խմբավորումը և ԼՂ-ում ռուսական խաղաղապահ առաքելությունն անկյունաքարային նշանակություն ունեն տարածաշրջանում խաղաղության ապահովման գործում: Միևնույն ժամանակ, շարունակում եմ կարծել, որ Ադրբեջանը նպատակ ունի խափանել նոյեմբերի 9-ի և հունվարի 11–ի եռակողմ հայտարարությունների իրագործումը՝ մասնավորապես տարածարջանային կոմունիկացիաների բացման և Հայաստանի ապաշրջափակման մասով»,- ասաց նա:
Վարչապետի պաշտոնակատարը հայտնեց, որ ակնկալում է, որ Ադրբեջանն օր առաջ կկատարի գերիներին, պատանդներին և այլ պահվող անձանց վերադարձնելու իր ստանձնած գրավոր պարտավորությունը: Հայաստանը վերահաստատում է Սոթք-Խոզնավար հատվածում երկու կողմերի ստորաբաժանումների հայ-ադրբեջանական սահմանագծից հայելային հետքաշման ռուս սահմանապահների կամ միջազգային դիտորդների տեղակայման ճանապարհով ճգնաժամի լուծման առաջարկը, ինչը կարող է անհրաժեշտ պայմաններ ստեղծել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ու սահմանագծման ուղղությամբ: