Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ֆրանսիսկո Բուստիլո Բոնասոյի գլխավորած պատվիրակությունը օգոստոսի 16-ին եռօրյա աշխատանքային այցով կլինի Հայաստանում:
Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:
Աղբյուրը նշում է, որ պատվիրակությունը Հայաստանում կլինի օգոստոսի 16-18-ը: Այցի ընթացքում նախատեսված է Ուրուգվայի պատվիրակության ղեկավարի հանդիպումը երկրի բարձրագույն քաղաքական ղեկավարության հետ:
Հիշեցնենք, որ Ուրուգվայն առաջին պետությունն է, որը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը 1965 թվականին: 1992 թվականին երկու պետությունները հաստատեցին դիվանագիտական հարաբերություններ: Ուրուգվայը բավականին մեծ հայկական սփյուռք ունի՝ իր մշակութային և կրոնական հաստատություններով, այդ թվում ՝ «Հայկական բարեգործական ընդհանուր միություն» կազմակերպությունը, որը հիմնադրվել է 1939 թվականին: