Մեկնարկել է ութերորդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանի հերթական նիստը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն անդրադարձավ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի կողմից ոստիկանական կետ տեղադրելու հանգամանքին։
Նրա խոսքով՝ նախորդ օրերին մենք ականատես եղանք ադրբեջանական ԶՈւ-ի հերթական ապօրինի գործողություններին և մեր իշխանությունների, ցավոք, կրավորական ու ոչ մի բացատրություն չտվող կեցվածքին։
Արծվիկ Մինասյանն ընդգծեց, որ ԱԱԾ հայտարարությունը ոչ միայն չի բխում մեր անվտանգության շահերից, այլև ոչինչ չասող է։
«Պետք է կարողանանք հավուր պատշաճի հասկանալ՝ ինչ է կատարվոում, հատկապես, որ ԱԱԾ հայտարարությունն արդեն ամբողջական օգտագործում է ադրբեջանական տերմինաբանություն»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը և հայտարարեց, որ խմբակցությունը պահանջում է անպայման որևէ ձևաչափով քննարկում կազմակերպել խնդրի շուրջ։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ հստակեցրեց, որ Սյունիքում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ առաջարկում են հարցը քննարկելու համար ԱԺ հրավիրել ԱԱԾ տնօրենին։
Ի պատասխան՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ ասաց՝ իր կողմից աշխատելաոճ է որդեգրվել՝ հնարավոր բոլոր դեպքերում որևիցե ձևով չմերժել ու հնարավորինս բոլոր հնարավորություններն օգտագործել:
ԱԺ նախագահը նշեց, որ հարցը կքննարկեն։ Ալեն Սիմոնյանը չբացառեց, որ առաջարկը կընդունվի։
Հիշեցնենք՝ ՀՀ ԱԱԾ հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ից Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ` Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում, Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։