Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որն ավելի վաղ հայտարարել էր, որ անհրաժեշտ է կորոնավիրուսով հիվանդների հետ շփվելուց հետո մեկուսանալ, լիովին առողջ է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին , լրագրողներին հայտնել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Նախագահը բացարձակ առողջ է»,- ասել է նա՝ մեկնաբանելով Պուտինի առողջական վիճակը:
Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք նախագահն անցել է ՊՇՌ թեստավորում և արդյո՞ք դա բացասական արդյունք է ցույց տվել, Պեսկովը պատասխանել է. «Իհարկե»:
Կրեմլի խոսնակը պարզաբանել է, որ այն մարդկանց շրջանում, որոնց հետ շփվել է պետության ղեկավարը, եղել են մի քանի հիվանդ մարդիկ, սակայն դժվարացել է պատասխանել այն հարցին, թե արդյոք նրանք պատվաստված են: Բացի այդ, Պեսկովը չի հստակեցրել, թե ովքեր են նախագահի շրջապատում վարակվածները․ արդյոք նրանք նախագահի ամենամոտ հարազատներն են, անվտանգության կամ արարողակարգի աշխատակիցները:
«Բժիշկներն անում են իրենց աշխատանքը: Սովորական պրակտիկա է, երբ մարդը կոնտակտավոր է, նա սպասում է որոշ ժամանակ»,- պարզաբանել է Պեսկովը:
«Դուք և ես գիտենք, որ պատվաստանյութը պաշտպանում է ծանր դեպքերից, բայց, այնուամենայնիվ, հնարավոր է հիվանդանալ», – ավելացրել է նա:
Պուտինը չի վտանգել այլ մարդկանց առողջությունը, վստահ է Պեսկովը:
«Երբ բժիշկներն ավարտեցին իրենց ուսումնասիրությունները, անհրաժեշտ ընթացակարգերը, այդ ժամանակ արդեն մասնագետների ցուցումներով ինքնամեկուսացման մասին որոշում ընդունվեց»,- ասել է Կրեմլի խոսնակը:
Նա չի համաձայնել այն տեսակետի հետ, որ անտրամաբանական է Պուտինի՝ երկուշաբթի օրը մի քանի դեմ առ դեմ հանդիպումներ ունենալուց հետո ինքնամեկուսանալու վարկածը:
«Այստեղ անտրամաբանական ոչինչ չկա»,- ասել է Պեսկովը: «Այն ժամանակ [երկուշաբթի կեսօրին] բժիշկները դեռ հետազոտում էին, ոչ մեկի առողջությունը վտանգված չէ»,- ասել է նախագահի խոսնակը:
«Մեկուսացում ն ուղղակիորեն չի ազդում նախագահի աշխատանքի վրա, սակայն հիմա որոշ ժամանակ դեմ առ դեմ միջոցառումներ չեն լինի: Բայց դա չի ազդի ինտենսիվության վրա, նախագահը շարունակում է իր գործունեությունը տեսակոնֆերանսների միջոցով»,-պարզաբանել է Կրեմլի խոսնակը: Պետության ղեկավարն այս օրերին կաշխատի Նովո Օգարևոյից:
Ռուսական պետության ղեկավարը գարնանը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Համավարակի պատճառով նրա օրակարգում գերակշռում են տեսակապով հանդիպումները և խորհրդաժողովները: