ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ.
ՈՒղերձում մասնավորապես ասվում է.
«Ազգային անվտանգության մարմինների հարգելի աշխատակիցներ և վետերաններ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ:
Անվտանգության մարմինները եղել ու մնում են պետականության հիմնասյուն-կառույցներից մեկը:
Անցնելով դժվարին ճանապարհ՝ ծառայությունը կարողացել է դառնալ իր առաքելությունը հստակորեն գիտակցող և դրան լրջորեն վերաբերվող համակարգ»:
Արմեն Սարգսյանն իր ուղերձում նշում է, որ ժամանակակից աշխարհն առաջ է շարժվում խելահեղ արագությամբ: Դրան զուգահեռ՝ մարտահրավերներն ու սպառնալիքները ոչ միայն ավելանում ու բարդանում են, այլև փոխում իրենց բնույթն ու դրսևորման ձևերը: Սակայն անփոփոխ է մնում ազգային, պետական շահը, որը պետք է լինի յուրաքանչյուրիս և, հատկապես, ազգային անվտանգության մարմինների աշխատակիցների աներեր ուղեցույցը:
«Անվտանգության մարմինների գործունեության առանցքում են երկրի ինքնիշխանության, անվտանգության ու տարածքային ամբողջականության, սահմանադրական կարգի պահպանությունն ու քաղաքացիների իրավունքների և ազատությունների ապահովումը: Շատ բան է կախված նաև անվտանգության ծառայության համակարգի յուրաքանչյուր աշխատակցի նվիրումից, անձնական գործողություններից, պարտքի ու պատասխանատվության գիտակցումից, արհեստավարժությունից, բարոյական կերպարից», – նշել է նախագահը:
Նախագահ Սարգսյանն իր ուղերձում ընդգծել է. «Մեծարելով ծառայության վետերաններին, այսօր մենք արժանին ենք մատուցում մեր հայտնի ու անհայտ հերոսներին, անտեսանելի ճակատի մարտիկներին, վերհիշում ենք Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանին, զինակից ու կողակից Գոհար Վարդանյանին, Իվան Աղայանցին, Հայկ Հովակիմյանին, Աշոտ Հակոբյանին, մեր ժողովրդի շատ մյուս ներկայացուցիչներին»,-ամփոփել է Սարգսյանը։