«Հրապարակ» օրաթերթն օրեր առաջ գրավոր հարցեր է ուղղել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ստացել դրանց պատասխանները։
Ռոբետ Քոչարյանն անդրադարձել է ՀՀ դատական համակարգին, Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին և մի շարք այլ հարցերի։
Հարցին՝ կարելի է արդարություն ակնկալել Հայաստանի դատարաններից՝ Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ դատական իշխանությունը գտնվում է գործադիր իշխանության բիրտ ճնշման տակ:
«Դատավորներն առաջին հերթին գնահատում են իրենց խոցելիության աստիճանը և միայն դրանից ելնելով են վճիռներ կայացնում: Դա արդարադատություն չէ, այլ դատավորների կողմից անձնական ռիսկերի գնահատում»,- նշել է Ռոբերտ Քոչարյանը։
ՀՀ երկրորդ նախագահը նշել է, որ կոռուպցիայով կեղտոտված դատավորները և դատախազներն ավելի հնազանդ են ռեժիմին, սակայն կան նաև դատավորներ, ովքեր պահպանել են արժանապատվությունը և մասնագիտական պատիվը, ովքեր պատրաստ են պայքարել իրենց անկախության համար:
«Իմ հարցով դրական որոշումներն ընդունվել են հենց այդպիսի դատավորների կողմից՝ ի հակառակ դատախազական բեսպրեդելի»,- նշել է Քոչարյանը:
Հարցին՝ առաջիկայում Արցախում ընտրություններ են, բանակցային պրոցեսը մտել է փակուղի, ի՞նչ պետք է անի Արցախի ղեկավարությունը, Քոչարյանը պատասխանել է, որ Փաշինյանի այն լոզունգը, թե լուծումը պետք է բավարարի հակամարտության բոլոր կողմերին, դատարկ, ոչինչ չասող խոսք է, միջնորդի պարզմիտ բանաձև․ դա ուղիղ ապացույցն է այն բանի, որ Հայաստանը չունի գործողությունների պլան:
«Բրատիսլավայում կայացած բանակցությունների վերջին շրջափուլը և դրա շուրջ զարգացող իրադարձությունները ցույց տվեցին մեր իշխանությունների բանակցային ռազմավարության բացարձակ սնանկությունը (եթե, իհարկե, այդպիսի ռազմավարություն ընդհանրապես գոյություն ունի)»:
ՀՀ երկրորդ նախագահի խոսքով՝ Արցախը պետք է նախաձեռնությունն իր ձեռքը վերցնի և հստակ սահմանի իր դիրքորոշումը կարգավորման հիմնական բաղադրիչների վերաբերյալ․ միայն այդպես է հնարավոր խուսափել անուղղելի հետևանքներից:
Քոչարյանն անդրադարձել է նաև ԼՂՀ առաջիկա ընտրություններին.«Իշխանության հռչակված իրավահաջորդի բացակայությունը բերեց քաղաքական դաշտի ծայրահեղ հատվածականացման: Ղարաբաղյան էլիտայի տարբեր հատվածները ներկայացնող նախագահի թեկնածուների այսպիսի քանակ երբեք չի եղել: Սա ոչ թե ժողովրդավարության նշան է, այլ՝ մասնատվածության դրսևորում, ինչը մարտահրավեր է Ղարաբաղի անվտանգությանը: Ժողովրդավարության սահմանագիծն Արցախում պետք է պայմանավորված լինի անվտանգությամբ, ոչ թե հակառակը»:
ՀՀ երկրորդ նախագահը նշել է, որ անընդունելի է Ղարաբաղում ունենալ քծնող նախագահ, ով հնազանդորեն տուրք է տալիս որևէ մեկի, ներառյալ Հայաստանի վարչապետի քմահաճույքներին:
«Այդ որակները հատուկ են տկար և թույլ անձերին, իսկ այդպիսի «առաջնորդությունը» կարող է աղետալի հետևանքներ ունենալ Արցախի համար: Այնտեղ պետք են պատերազմով կոփված խիզախ առաջնորդներ: Հուսամ՝ ղարաբաղցիների ընտրությունը հենց այդպիսին կլինի»,- նշել է Քոչարյանը։