ՀՀ իշխանությունները կարող են օրակարգ բերել վճռաբեկ և սահմանադրական դատարանները միավորելու օրենսդրական նախագիծը։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։
Ըստ աղբյուրի` նման օրակարգը չի բացառվում՝ հաշվի առնելով Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի փակուղային լինելը։ Միավորման արդյունքում նախատեսվում է ունենալ Գերագույն դատարան, ինչպես ԱՄՆ-ում է, որը կիրականացնի և՛ ՍԴ-ի, և՛ Վճռաբեկի գործառույթները։
«ՍԴ-ն ամսական կտրվածքով, միջինացված հաշվարկով, ընդամենը 60 հայց է քննում: Ուսումնասիրել են վերջին մի քանի տարիների վիճակագրությունը ու հաշվարկել, որ միլիոնի հասնող աշխատավարձեր ստացող դատավորներից կազմված դատարանն այս տարբերակով օպտիմալացնելու արդյունքում կարող են ամսական բոլոր թոշակառուների թոշակները բարձրացնել առնվազն 100 դրամով, ինչը կարող է դառնալ այս քայլի պոպուլիստական բացատրությունը, որը կներկայացնեն հանրությանը»,- գրում է պարբերականը։
Միաժամանակ թերթը նշում է, որ սա հնարավոր է իրականացնել միայն սահմանադրական փոփոխությունների ճանապարհով, դա նշանակում է, որ նախագծին պետք է հավանություն տա Սահմանադրական դատարանը։
Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ այդ «արգելքը» շրջանցելու ձևը գտնվել է և առաջիկայում օրենսդրական որոշակի փոփոխություններով կօգտվեն գործող Սահմանադրության սողանցքներից։