Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ Տոկիոյում ներկա է գտնվել Ճապոնիայի նոր կայսեր՝ Նարուհիթոյի գահակալության հանդիսավոր տոնակատարությանը: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Ճապոնիայի կայսերական պալատում տեղի ունեցած արարողությանը ներկա են գտնվել աշխարհի 183 երկրների պատվիրակներ, այդ թվում՝ թագավորական ընտանիքներ, պետությունների ու կառավարությունների ղեկավարներ, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ։
Միապետին գահակալման առթիվ շնորհավորական խոսք է ուղղել Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեն:
Նշենք, որ Ճապոնիայում կայսրն ավանդաբար ունի ներկայացուցչական լիազորություններ։ Ճապոնիայի Սահմանադրության համաձայն՝ կայսրը պետության և ազգի միասնության խորհրդանիշն է և իրականացնում է արարողակարգային գործառույթներ:
Ճապոնիայի նախկին կայսր 85-ամյա Ակիհիտոն գահից հրաժարվել էր այս տարվա ապրիլին՝ այն փոխանցելով որդուն: Նոր կայսեր գահակալությամբ Ճապոնիայում ավարտվել է ազգային ժամանակագրության Հեյսեյ՝ «Խաղաղություն հաստատելու դարաշրջանը», որը սկսվել էր 1989թ., և մեկնարկել է 59-ամյա Նարուհիթոյի գահակալության ժամանակաշրջանը, որը ստացել է Ռեյվա անվանումը, ինչը թարգմանաբար նշանակում է «կարգ ու կանոն և ներդաշնակություն»։
Ճապոնիայի կայսերական ընտանիքն ունի հազարամյա պատմություն։ Նարուհիթոն ավելի քան 2600 ամյա դինաստիայի 126-րդ կայսրն է: