ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի՝ «Իզվեստիա» պարբերականին տված հարցազրույցում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ Նյու Յորքում կայացած հանդիպման մասին արտահայտած մտքերը։
Հարցին, որ Ադրբեջանի ԱԳ նախարարը իր հարցազրույցում «հիասթափություն» է հայտնել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ վերջին հանդիպման վերաբերյալ՝ նշելով նաև, որ բանակցությունների հիմք է Մադրիդյան սկզբունքների հիման վրա մշակված Կազանյան փաստաթուղթը, Աննա Նաղդալյանը նշել է, որ «Կազանյան փաստաթուղթը» մերժվել է հենց Ադրբեջանի կողմից:
«Մենք հետևողականորեն ներկայացրել ենք Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացում մեր սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները, որոնցում առաջնային նշանակություն ունեն Արցախի անվտանգության և կարգավիճակի հարցերը: Մենք հետևողականորեն աշխատում ենք մեր օրակարգի շուրջ»,-ընդգծել է Աննա Նաղդալյանը։
Անդրադառնալով Էլմար Մամեդյարովի՝ ծագումով հայերի՝ Ադրբեջան այցելելու հետ կապված ներկայացրած խնդրի լուծման «յուրօրինակ տարբերակին»՝ Աննա Նաղդալյանը նշել է, որ հայերն Ադրբեջանում խտրականության թիրախ են հանդիսանում և դա նորություն չէ:
«Ըստ էության, իր հարցազրույցում դա հաստատում է նաև Ադրբեջանի ԱԳ նախարարը, ով ընդունում է ծագումով հայերի նկատմամբ իրականացվող խտրական քաղաքականության առկայությունը, ինչի մասին բազմիցս բարձրաձայնվել է նաև այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից՝ մասնավորապես ՌԴ և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից»,- նշել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը։
Աննա Նաղդալյանն ընդգծել է, որ ըստ ադրբեջանցի պաշտոնյայի՝ առկա խտրական քաղաքականության կառավարման լավագույն տարբերակն Ադրբեջան ամեն մի հայի մուտքի հարցը բանակցությունների առարկա դարձնելն է: