«Այսօր Հայաստանի առաջին դեմքը մի մարդ է, որը պետությունը կառավարում է առանց որևէ կոնվենցիոնալ սկզբունքի, կանոնի եւ պատասխանատվության։ Ու գնալով նրա ախորժակը բացվում է, իսկ քաղաքական հավակնությունները մոտենում են բռնապետականին։
Նիկոլ Փաշինյանը երկիրը կառավարում է ճիշտ այնպես, ինչպես ժամանակին ղեկավարել է «Հայկական ժամանակ» օրաթերթը։ Նրա կառավարչական ոճում և սկզբունքներում ոչինչ չի փոխվել։ Պարզապես խմբագրության միկրոմիջավայրը տեղափոխել է ավելի մեծ աշխարհագրությամբ տարածք։ Եվ հիմա բոլորս ապրում ենք «Հայկական ժամանակ» երկրում, որն ունի 24 ժամվա ռիթմ ու հիշողություն։ Ճիշտ այնքան, որքան թերթի մեկ համարից մինչև մյուսը։ Հասարակությունն էլ բաժանվել է 3 մասի` լրագրողների, ընթերցողների եւ նրանց, ովքեր թերթ չեն կարդում:
Նրա գերխնդիրն է՝ պոպուլյար և պոպուլիստական արարքների մատակարարումը (նկատեք՝ ոչ որոշումների)։
Փաշինյանը շարունակում է երկիրը կառավարել նույն օրակարգով, որտեղ յուրաքանչյուր օրը պետք է բաղկացած լինի մի քանի կարևոր ինֆորմացիոն ժանրերից.
• Օրվա բացահայտում. պետք է լինի կոռումպացված որևէ նախկին պաշտոնյայի ձերբակալություն՝ հափշտակված կամ թալանված հնարավորինս տպավորիչ գումարով։ Կարևոր չէ՝ սուտ թե ճիշտ, կարևոր չէ, որ հափշտակության փաստը կամ գումարի չափը կարող է չապացուցվել, որ կալանքը կարող է չհիմնավորվել, կարևոր չէ՝ գումարը վերադարձվում է, թե ոչ, կամ՝ ինչ տարբերակներով ու որտեղ և ում է վերադարձվում։ Պետք է օրվա լրահոսում դա ապահովել և վերջ։
• Օրվա սելֆի. ամեն օր մեկի հետ՝ շաբաթ երեկոյան՝ Սերժ Թանկյանի, կիրակի՝ Քիմ Քարդաշյանի, երկուշաբթի՝ Ալեքսիս Օհանյանի, երեքշաբթի՝ գոնե Տիգրան Մանսուրյանի, եթե ուրիշ հետաքրքիր մարդ չկա։
• Օրվա փառատոն. լրահոսը պետք է չդադարի հավաքների պակասից՝ օղու փառատոն, ընկույզի, կոշիկի, գինու, կենացի, ղավուրմայի, լավաշի, դրոնների, հարդ-դրայվերի և այլն։ Կարեւոր է, որ մարդիկ հավատան՝ երկրում շարժ կա։ Սակայն կարևոր չէ՝ արդյոք արտահանման նոր հեռանկարներ բացվում են, նոր ներդրողներ գալիս են, նոր աշխատատեղեր բացվում են։
• Օրվա հերոս. այստեղ կա նրբություն։ «Հայկական ժամանակ» երկրում հերոսները մշտապես նույնն են` վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ իր տիկինը: Բայց մշտական հերոսները պիտի ամեն օր «փոքր հերոսներ օծեն», որ անընդհատ ընդգծվի իրենց վեհությունը:
• Օրվա թիվ. պետք է միշտ խոսել աճի մասին։ 10 տոկոսով աճել է զբոսաշրջության լեռնատիեզերական ենթաճյուղը։ Ու կարեւոր չէ, որ ընտրվում են երկու տարբեր ժամանակահատվածներ, սխալ մեթոդաբանություն կամ համատեքստից լրիվ հանված ցուցանիշներ։
• Օրվա խոչընդոտ. միշտ պետք է հակահերոս կամ հակաերևույթ, որը խանգարում է առաջընթացին։ «Մինչև չլինի նոր խորհրդարան, ներդրումներ չեն լինի»։ Եվ այդ տրամաբանությամբ՝ մինչև չլինեն նոր մարզպետներ, մինչև դատական համակարգը չփոխվի, մինչև Հրայր Թովմասյանը հրաժարական չտա։
Ու հենց այս տրամաբանությամբ և 24-ժամյա շղթայով Նիկոլ Փաշինյանն այսօր ղեկավարում է երկիրը` առանց որևէ ռացիոնալության եւ հետևողականության։ Որովհետև, երբ նրան հիշեցնում են իր նախորդ օրվա, ամսվա կամ տարվա ասածն ու արածը, նա անկեղծ չի հասկանում, թե ինչու։
Այստեղ ամենամեծ դրաման այն է, որ պետությունն իրականում չունի ոչ միայն ռազմավարություն, այլև նպատակ։ Մի բան է կոնստանտ. Նիկոլ Փաշինյանը միշտ է եղել «ՀԺ»-ի խմբագիր, հիմա՝ «Երկիր-ՀԺ»-ի վարչապետ։ Իսկ հետո ի՞նչ է լինելու երկրի հետ հարցին չկա պատասխան։
Ի դեպ, հետաքրքրական է, որ երբ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում որևէ հարց լուծել 24-ժամյա ցիկլի մեջ, ուրեմն դա իրեն հետաքրքիր չէ։ Նաև՝ «ընթերցողին»:
Ամուլսարի հարցում նա մի քանի անգամ փոխել է դիրքորոշումը…
Նիկոլ Փաշինյանը փորձեց 24-ժամյա ցիկլով լուծել Արցախի խնդիրը՝ մի քանի անգամ կրկնելով Արցախը բանակցությունների սեղանին վերադարձնելու պահանջը։ Եվ մի հարցրեք՝ hիմա Դուք պնդո՞ւմ եք Ստեփանակերտի մասնակցությունը, թե՞ ոչ։ Չէ՞ որ դա մեկ տարի առաջվա հայտարարություն էր։ Ի՞նչ կարևոր է՝ ինչ էր պնդում։ Կարևոր է, թե հիմա ինչ է ասում։ Ու եթե կա հակասություն, ուրեմն դուք եք սխալ հասկացել։
Կամ կարող է պնդել՝ «Արցախը Հայաստան է և վերջ»։ Լավ վերնագիր, լավ արձագանք, հանրահավաքի լավ կոչ։ Ի՞նչ կարևոր են հետևանքները։ Եթե ստիպված եղավ՝ վերջին էջում հերքում կտա։
Այս իշխանության մասին պետք է հիշել մեկ հիմնարար ճշմարտություն. Նիկոլ Փաշինյանը չունի անցյալ կամ ապագա։ Նա ապրում է միայն ներկայով։ Նրան հետաքրքիր չէ, թե ինքն ինչ է ասել, ու չի մտահոգվում, թե ինչ է լինելու։ Կարևոր է, թե այսօր ինչ է կատարվում։
Այս ընթացքում սահուն ամրապնդվում է անհատի պաշտամունքը։ Եվ ինչպես բոլոր դիկտատուրաների դեպքում է լինում, այն ստեղծվում է նոր աստծո շուրջ։ Այդ պատճառով բոլոր հին կրոնները վերացվում են։ Եվ հենց այդ հարցում է առաջին իսկ օրվանից խանգարում Հայ առաքելական եկեղեցին, իսկ շատ շուտով կխանգարեն նաև մնացած բոլորի հավատավորները։ Դրա պատճառով է, որ եկեղեցու դեմ հարձակումները չեն դադարում։ Եվ չեն դադարի երբեք, քանի դեռ կա Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Արդեն այսօր Նիկոլ Փաշինյանը հասկացել է, որ իր ամենամեծ թշնամին ո՛չ ՀՀԿ-ն է, ո՛չ Քոչարյանը, ո՛չ էլ որևէ երկիր կամ առանձին սուբյեկտ։ Իր ամենամեծ թշնամին իրականությունն է։ Երբ «Երկիր-ՀԺ»-ն խաչվում է իրականության հետ, սկսվում է ճգնաժամ. բացվում են մարդկանց աչքերը:
Ու կտեսնեն մարդիկ, որ այս իշխանության օրոք ոչինչ չի կատարվել, ոչինչ չի փոխվել, ոչ մի կարևոր խնդրի վերաբերյալ որոշում չի կայացվել։ Երկիրը 24-ժամյա կործանարար ցիկլով վատնել է ռեսուրսներ, վտանգել իր ֆիզիկական գոյությունը եւ լրջագույն խնդիրներ ստեղծել առաջիկա ոչ թե ամիսների, այլ տասնամյակների համար։
Ու կկանգնեն բոլորը: Որովհետև մարդիկ դառնում են քաղաքացի, ազգը՝ պետություն, երբ պայքարում են իրենց ներսում ձևավորվող դիկտատուրայի դեմ։ Հենց այդժամ մարդիկ կդառնան քաղաքացի ու կպայքարեն ժողովրդավարության համար։ Իսկ մինչ այդ՝ ամեն օր` առավոտյան 9-ին, մեզ վիճակված է ապրել Երկիր-«Հայկական ժամանակում», որտեղ գլխավոր խմբագիր-վարչապետը, ըստ օրվա դեղին օրակարգի, պետք է որոշի՝ ում է ձերբակալում, ում է խայտառակ անում, ինչով է հպարտանալու և ում հետ է սելֆի անելու»։
Միքայել Մինասյան. Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան