«Հայելի» մամուլի ակումբի կայքից տեղեկանում ենք, որ ակումբը նախօրեին հարձակման է ենթարկվել 4 անձանց՝ Դավիթ Հովհաննիսյանի, Սարգիս Մանուկյանի, Արտակ Մարգարյանի և Հայկ Ստեփանյանի կողմից. նրանք ձվեր են նետել ակումբի դռներին ու պաստառներ փակցրել։
Ակցիայի մասնակիցները պահանջել են փակել լրատվամիջոցը և հայտնել են, որ պատրաստվում են կրկնել նույնը ակումբի ներսում ՝ դուռը բաց լինելու պարագայում։
Աղբյուրը հայտնում է, որ նման միջադեպի պատճառը Hayeli.am կայքում հրապարակված «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» վերտառությամբ հոդվածն է։
Հայելի ակումբի հրապարակած վերոնշյալ հոդվածում մասնավորապես նշվում է․
«Իլհամ Ալիևը «Վալդայ» համաժողովում խոսելով արցախյան հակամարտության մասին անդրադարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է» հայտարարությանը՝ ասելով․
«Կցանկանայի անդրադառնալ Հայաստանի վարչապետի հայտարարությանը, գրեթե բառացիորեն՝ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ»: Առաջին հերթին՝ դա մեղմ ասած սուտ է… Ղարաբաղը Ադրբեջան է և բացականչական նշան»,-ասել է Ալիևը: Ադրբեջանի նախագահը նաև անդրադարձել է Փաշինյանի այն հայտարարությանը, որ հակամարտության կարգավորման բանաձևը պետք է ընդունելի լինի ինչպես Հայաստանի, Արցախի, այնպես էլ՝ Ադրբեջանի համար: «Հայաստանի վարչապետը հաճախ է ասում, որ հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի ինչպես Հայաստանի, Ղարաբաղի, այնպես էլ՝ Ադրբեջանի ժողովուրդների համար: Պետք է ասեմ, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ հասկացություն գոյություն չունի: Կա Լեռնային Ղարաբաղի բնակչություն, որը մինչ հակամարտությունը բաղկացած է եղել ադրբեջանցի և հայ բնակիչներից, որոնք հավասար իրավունքներ են ունեցել»։