Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին՝ ծննդյան տարեդարձի առթիվ: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։
«Մեծարգո պարոն նախագահ,
Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս և ջերմ բարեմաղթանքներս՝ Ձեր ծննդյան տարեդարձի առթիվ:
Ավելի քան քառորդ դար Արցախը կերտում է իր պայքարի, ազատության և ինքնիշխանության պատմությունը՝ ստեղծելով ու ամրապնդելով պետական կառավարման և ժողովրդավարական ինստիտուտները: Այդ ժամանակահատվածի մեկ տասնամյակից ավելին բաժին է ընկնում որպես Արցախի նախագահ Ձեր պաշտոնավարման շրջանին, երբ հայկական աշխարհի պատմական մի հատվածում շարունակել է լիարժեքորեն կայանալ և զարգանալ Արցախի հայկական հանրապետությունը»,-ասված է ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում։
Արմեն Սարգսյանը նշել է, որ Բակո Սահակյանի հեղինակությունը և բարդ իրավիճակներն արժանապատվորեն հանգուցալուծելու հմտություններն ի շահ Արցախի ծառայեցրել է նաև դրանից առաջ՝ թե արցախյան ազատագրական պայքարի ու պատերազմի, թե՛ տարբեր պետական պաշտոններ զբաղեցնելու տարիներին: Իսկ ժողովրդի վստահության քվեով երկու ժամկետ, որպես Արցախի նախագահ պաշտոնավարելը, վստահաբար վկայում է, որ Բակո Սահակյանը հասել է հաջողության:
«Թող այդ հաջողությունը Ձեզ մշտապես ուղեկցի բոլոր պետական ու ազգային ձեռնարկներում և անձնական կյանքում: Առողջություն ու ամենայն բարիք Ձեզ և Ձեր ընտանիքին»,- ասված է Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձում։
Նշենք, որ Բակո Սահակյանն այսօր դառնում է 59 տարեկան։ Արցախի նախագահը ծնվել է 1960 թվականի օգոստոսի 30–ին Ստեփանակերտ քաղաքում։ 2007 թվականի հուլիսի 19-ից զբաղեցնում է Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը: