Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի գլխավորած պատվիրակությանը՝ Հայաստանում վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Զրուցակիցները քննարկվել են հայ-իրանական համագործակցության ընթացքն ու հեռանկարները, կարծիքներ փոխանակվել տարածաշրջանային անվտանգության և միջազգային զարգացումների վերաբերյալ:
Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին` Հայաստանում պաշտոնավարման ընթացքում հայ-իրանական հարաբերությունների ամրապնդման ու համագործակցության արդյունավետության բարձրացման համար, մաղթել հաջողություններ հետագա աշխատանքային գործունեության մեջ: