ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարականով՝ ջրի որակին ներկայացվող պահանջների խախտումների պատճառով շտապ դադարեցվել է Նոյեմբերյան խոշորացված համայնքի Ջուջևան բնակավայրը սնուցող աղբյուրներից մեկի ջրամատակարարումը։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը:
«Նախորդիվ Ջուջևան, Կոթի, Բաղանիս, Ոսկևան, Կողբ գյուղերից 14 մարդ թունավորման ախտանիշներով, աղիքային գանգատներով դիմել է Նոյեմբերյանի ԲԿ, որտեղից 8-ը դուրս է գրվել, 6-ը շարունակում է ստանալ բուժօգնություն։ ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ-ից ԱԱՏՄ-ին տրամադրված տեղեկատվության համաձայն՝ նրանց օգտագործած ջրից կատարվել է նմուշառում, փորձաքննության արդյունքները ցույց են տվել ջրի որակի շեղումներ։
ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը հանձնարարել է հրատապ քայլեր ձեռնարկել ջրի անվտանգության ապահովման ուղղությամբ։ Ըստ այդմ, ԱԱՏՄ Իջեւանի բաժնի պետ-տեսուչ Վիլյամ Օհանյանի գլխավորությամբ, դադարեցվել է այն աղբյուրի ջրամատակարարումը, որից օգտվել են առողջական գանգատներով հիվանդանոց դիմած քաղաքացիները, և որից ջուր է մատակարարվում Ջուջեւան համայնքի շուրջ 60 ընտանիքի։
Բացահայտվել է աղբյուրի հավանական աղտոտման վայրը եւ աղտոտման պատճառը, ինչի վերացման ուղղությամբ հրատապ աշխատանքներ են տարվում Նոյեմբերյանի համայնքապետարանի կողմից։ Վերջինից ԱԱՏՄ-ն տեղեկացել է, որ ձեռնարկվող քայլերի շրջանակում փոխվում են ջրահեռացման խողովակները և վերացվում է ջրի աղտոտման հնարավոր պատճառը։ Հաջորդիվ կտարվեն մանրէազերծման աշխատանքներ, կարվի ջրի կրկնակի նմուշառում։