Ռուսաստանը առանցքային դեր խաղաց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծված թուրք-ադրբեջանական ագրեսիան կասեցնելու գործում։ Այս մասին հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
«Ռուս խաղաղապահների ներկայությունը պայմաններ է ստեղծում տարածաշրջանում խաղաղության և կայունության վերականգնման համար և հանդիսանում է Ադրբեջանի, նրա տարածաշրջանային հովանավորյալ Թուրքիայի և նրանց կողմից հավաքագրված օտարերկրյա ահաբեկչական մարտիկների սադրանքները կանխելու երաշխիք»,- շեշտեց Այվազյանը՝ հավելելով․
«Ռազմական գործողությունների դադարեցումը հնարավորություն է ստեղծում խաղաղ գործընթացի վերականգնման շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում քննարկումները վերսկսելու համար»:
Նա ասաց, որ երախտապարտ է Ռուսաստանին մարդասիրական հիմնախնդիրների լուծման գործում արագ և արդյունավետ միջամտության համար, և այս համատեքստում կարևոր է համարում ներգրավել միջազգային մասնագիտացված կառույցների՝ տեղում մարդասիրական խնդիրներ լուծելու համար։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-7-ը ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը գտնվում է ՌԴ-ում։