««Ոսկորների վրա պարը», որը կազմակերպվել էր դեկտեմբերի 10-ին Բաքվում և անվանվել «հաղթանակի շքերթ», սադրանք էր Ադրբեջանի և Թուրքիայի կողմից և հրապարակային նվաստացում Հայաստանի և հայ ժողովրդի համար: Այսպիսի հայտարարություն է տարածել «Լազարյան ակումբի» խորհուրդը։
Միջազգային «Լազարյան ակումբի» խորհուրդը, որը միավորում է Ռուսաստանի և Հայաստանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչներին, համոզված է, որ ագրեսիվ ժեստ պարունակող շքերթի կազմակերպիչները վիրավորանք են հասցրել ոչ միայն Հայաստանին, այլև Ռուսաստանին:
«Ռուսաստանն ու Հայաստանը դաշնակիցներ են: Այդ կապակցությամբ հատկապես սրբապղծություն է Ադրբեջանի նախագահի հնչեցրած արտահայտությունը, ով զուգահեռներ էր անցկացրել 1945 թվականի ֆաշիզմի դեմ Մեծ Հաղթանակի հետ: Կարծում ենք, որ նման պատմական զուգահեռները կեղծ են, վիրավորական և ավելին՝ հանցավոր:
Երեկ Բաքվում կայացած շքերթը նշանակում է Թուրքիայի նեոօսմանական պահանջների օրինականացում և փորձ՝ ի շահ իրեն վերաշարադրելու տարածաշրջանի պատմությունը: Դա հրապարակավ արտահայտվեց թուրք առաջնորդ պարոն Էրդողանի ներկայությամբ, Էնվեր փաշայի՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպչի բացահայտ հիացմունքով, ծափահարությունների ներքո, 1918 թվականի թուրքական ինտերվենտների համազգեստով զինվորականների անցումով»,-ասվում է հայտարարության մեջ։
Ըստ ակումբի՝ Հայաստանի համար այդ նվաստացումը չէր լինի, եթե Երևանում լինեին պատասխանատու և գրագետ քաղաքականություն վարող իշխանություններ, որոնք ունակ են ղեկավարել պետությունն ու առաջ տանել սեփական ժողովրդի շահը: «Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը երկիրը հասցրեց մահվան գծի: Հենց այդ իշխանությունն է այսօր պատասխանատվություն կրում հայ ժողովրդի առջև:
Նիկոլ Փաշինյանը կորցրեց հայկական եկեղեցու, բոլոր մտածող և կարեկցող հայերի և աշխարհում Հայաստանի ընկերների վստահությունը: Կառչելով իշխանությունից՝ նա ամեն օր ստիպված է դիմել բռնաճնշումների, որն ուղեկցում է «ժողովրդի կամքի» և «ժողովրդի թշնամիների» մասին դեմագոգիայով: Բռնապետություն է փորձում հաստատել ձախողման և նվաստացման գլխավոր մեղավորը: Համոզված ենք, որ հայ ժողովուրդը կորոշի իր ճակատագիրը»-նշվում է հայտարարության մեջ։
Ըստ Լազարևյան ակումբի՝ Հայաստանը պետք է հետևություններ անի Ղարաբաղի ծանր դասից, պետք է միավորվի, որպեսզի հաղթահարի կորուստների և հիասթափությունների դառնությունը:
«Ադրբեջանի և Թուրքիայի նման հարևանների շրջապատում հայ ժողովուրդը Հայաստանում չի կարողանա լիարժեք գոյություն ունենալ և առաջ շարժվել:
Որքան շուտ հայ հասարակաությւոնն օրինական լուծում գտնի և հասնի համաձայնության, այնքան շուտ կընդունվեն իրական միջոցներ պաշտպանունակությունը, տնտեսությունն ու հայ ժողովրդի ոգին վերականգնելու համար»,-ասվում է հայտարարության մեջ:
Նշենք, որ Բաքվի ռազմական շքերթի ընթացքում Ալիևը Երևանը, Սևանը և Զանգեզուրը «ադրբեջանական տարածքներ» էր անվանել, իսկ Էրդողանն ասել էր, թե այս օրը «Էնվեր փաշայի, Նուրի փաշայի և Կովկասի իսլամական բանակի զինվորների հոգու լուսավորման օրն է»