Մենք, իհարկե, հրատապ ռեժիմով, ուսումնասիրում ենք այդ նյութերը՝ իրավիճակի ամբողջական պատկերը ստանալու համար։ «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանն՝ անդրադառնալով 100 հայ զինվորականների գերեվարման մասին համացանցում ադրբեջանական աղբյուրներից տարածվող տեսանյութերին։
Նա նշել է, որ Պաշտպանության բանակը այդ տեղեկությոնները չի հաստատել, ուստի չի բացառում, որ ադրբեջանական աղբյուրները այդ լուրերը տարածում են դիտավորությամբ՝ լրացուցիչ լարվածություն ստեղծելու համար։
Մինչ այդ ՀՀ ՊՆ-ից նշել են, որ հայ զինվորականների գերեվարման վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցներով վերջին ժամերին տարածվող տեսանյութերի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանումներ է սպասում ԱՀ պաշտպանության բանակից և առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ:
Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցներ և սոցիալական հարթակների միջոցով համացանցում տեսանյութեր են տարածվում, թե Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին թաղեր բնակավայրերի շրջանում 100 հայ զինվորականների են գերեվարել։
Նշենք, որ ՀՀ ՊՆ-ից հայտնել են, որ դեկտեմբերի 11-12-ին մի քանի ժամ տևած մարտերի արդյունքում հակառակորդին հաջողվել է մտնել Հին Թաղեր գյուղ, ինչպես նաև ընդհուպ մոտենալ Խծաբերդ գյուղին։
Ադրբեջանական սադրանքի արդյունքում վերսկսված մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի վեց վիրավոր, հակառակորդն ունի զոհեր և վիրավորներ։
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այս խնդիրը քննարկել է նաև ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգույի հետ հանդիպման ընթացքում։
Այս պահին Հադրութի շրջանում ընթանում են բանակցություններ հայ, ռուս և ադրբեջանցի զինվորականների միջև՝ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու, կողմերը նախկին բնագծեր վերադարձնելու շուրջ։
ՀՀ ԱԳՆ-ում ընդգծել են, որ նշված գործողությունները նպատակ ունեն արժեզրկել Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի ներկայությունը հակամարտության գոտում: