Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնել է, որ կարգադրել է Լեռնային Ղարաբաղում միջազգային օդանավակայան կառուցել: Ադրբեջանի ղեկավարը նման հայտարարություն է արել երեքշաբթի՝ հունվարի 5-ին, տեսաձևաչափով մշակույթի նոր նախարար Անար Քերիմովի հետ հանդիպման ժամանակ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Նրա խոսքով՝ օդանավակայանը պետք է կառուցվի ընթացիկ տարում:
«Իմ հանձնարարությամբ Ֆիզուլիում կկառուցվի միջազգային օդանավակայան: Պատվերն արդեն տրված է, այժմ տեղերն են ընտրվում: Տարածքը մաքրելու ուղղությամբ աշխատանքներ են տարվելու: Ես հանձնարարական եմ տվել, որ Ֆիզուլիում պետք է օդանավակայան կառուցվի, գոնե թռիչքուղիները պետք է պատրաստ լինեն այս տարի»,-ասել է Ալիևը՝ հավելելով, որ նոր միջազգային օդանավակայանը հնարավորություն կտա հյուրերին Ֆիզուլիից արագ հասնել Շուշի:
Հիշեցնենք, որ ՀՀ, ՌԴ և ԱՀ ղեկավարները նոյեմբերի 9-ին ստորագրել են եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը։
Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: