Կատարվածի մեջ ես տեսնում եմ բոլորիս մեղավորությունը։ Այս մասին նշել է ԱԱԾ նախկին պետ Միքայել Համբարձումյանը՝ անդրադառնալով պատերազմում կրած պարտության պատճառներին։
Հիմնական խնդիրներից նա առանձնացրել է կազմակերպչական հարցերը՝ տարակուսանք հայտնելով նաև պատերազմի ակտիվ փուլի ժամանակ վարչապետի հնչեցրած այն հայտարարության առնչությամբ, թե ով տանը սաղավարտ կամ ռազմական հանդերձանք ունի, կարող է դրանցով ներկայանալ զինկոմիսարիատ․ «Ես խնդիր էի տեսնում մոբիլիզացիայի, մեր կամավորական ջոկատների Արցախ անկանոն մեկնելու, այնտեղ տեղավորվելու հետ կապված։ Ցավոք, այս խնդիրների չլուծումը բերեց այս արդյունքին»,-ընդգծեց Համբարձումյանը։
Ձեռք բերված ռազմական տեխնիկայի վերաբերյալ նա հիմնականում տեսնում է ԶՈՒ գործողությունների անկատարությունը։
Նշենք, որ նոյեմբերի 8-ին հայտնի դարձավ, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից:
Ավելի ուշ՝ նոյեմբերի 12-ին, Համբարձումյանը հանդես է եկել երկրում արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին հայտարարությամբ։ Ըստ նրա՝ ընտրությունները պետք է լեգիտիմացնեն Հայաստանի ղեկավարությանը։ Դեկտեմբերի 17-ին Համբարձումյանը միացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ԱԱԾ նախկին մի խումբ աշխատակիցներին, իսկ դեկտեմբերի 20-ին ԱԱԾ նախկին ղեկավարը լրագրողների հետ զրույցում «Եռաբլուր» պանթեոն կատարած այցի ժամանակ հայտարարեց, որ առաջիկայում ասուլիս կտա, որտեղ կպատմի իր հրաժարականի պատճառների մասին: