Համարյա բոլոր արցախահայերը, որոնց բնակավայրերը գտնվում են Արցախի վերահսկողության տակ, այսինքն՝ որոնք չեն կորցրել իրենց տները, վերադարձել են։ Այդպիսի քաղաքացիների թիվը, որոշ հաշվարկներով, 100 000-ից ավելի է։ Իսկ Հայաստանում մնացել են հիմնականում այն արցախահայերը, որոնք նախկինում բնակվել են կորցրած տարածքներում։ Այս մասին «Հ1»-ի «Հարցազրույցի» ժամանակ ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։
Վերջինս պատմել է, որ պատերազմից հետո երեք անգամ մեկնել է Արցախ։ Վերջին այցելությունը եղել է օրերս։
Արցախում նոյեմբերի 10-ի դրությամբ եղել է մի քանի հարյուր քաղաքացի։ Վնասված են եղել բոլոր ենթակառուցվածքները։ Իսկ այժմ վերականգնվել է էլեկտրականությունն ու գազամատակարարումը։ Մի քանի ուղղություններում կապի խնդիր կար, սակայն այնտեղ էլ աշխատանքներ տարվում են։ Արցախը վերադարձել է իր բնականոն կյանքին»,- նշել է Առաքելյանը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարության համաձայն՝ նոյեմբերի 10-ին, Մոսկվայի ժամանակով 00:00-ից Լեռնային Ղարաբաղում հաստատվեց հրադադար:
Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում քաղաքացիական ու ինժեներական ենթակառուցվածքները: