«Հայրենիքի փրկության շարժումը» հայտնում է, որ փետրվարի 3-ին՝ ժամը 10:00-ին, Ազգային ժողովի շենքի մոտ հանրահավաք է անցկացնելու։
«Փետրվարի 3-ին կառավարության նախաձեռնությամբ գումարվելու է Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում նույնպես ընդգրկված են հակապետական օրինագծեր:
Կոչ ենք անում մեր քաղաքացիներին փետրվարի 3-ին, ժամը 10:00-ին հավաքվել Ազգային ժողովի՝ Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ՝ մեր բողոքի ձայնը բարձրացնելու ապազգային իշխանության գործունեության դեմ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Երևանում և հանրապետության այլ քաղաքներում նոյեմբերի 10-ից հանրահավաքներ և ցույցեր են տեղի ունենում՝ ի պատասխան Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրած եռակողմ հայտարարության։ Հայրենիքի փրկության կոմիտեն, որը միավորում է ավելի քան մեկ տասնյակ ընդդիմադիր ուժերի, ինչպես նաև մի շարք հասարակական կազմակերպությունների, պահանջում է կառավարության և վարչապետի հրաժարականը։ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանդես եկան նաև ՀՀ ԳԱԱ-ն, ԵՊՀ Գիտական խորհուրդը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն, ստեղծագործական և գիտական մտավորականության բազմաթիվ ներկայացուցիչներ:
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների օգտին հանդես եկավ նաև Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը։