Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները մարտական վարժանքների շրջանակներում, Ստեփանակերտի ուսումնավարժարանում ավարտել են մի շարք ուսումնական առաջադրանքներ:
Ըստ Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության՝ զրահամեքենաների անձնակազմի հետ տեսական և գործնական վարժանքներ են անցկացվել:
Տանկոդրոմի ուղու վրա անձնակազմը մեծ արագությամբ կոշտ տեղանքով վարել է զրահատեխնիկա` հաղթահարելով տարբեր խոչընդոտներ, ինչպես նաև կատարել հսկիչ կրակային վարժություններ։
Չնայած դիտակետերում ռուս խաղաղապահների շուրջօրյա հերթապահությանը, Ռուսաստանի խաղաղապահ զորքերի հրամանատարությունը նախատեսել է հիմնական առարկաների մարտական պատրաստության դասընթացներ՝ ներառյալ մարտավարական, մարտավարական-հատուկ, կրակային, ինչպես նաև մարտական մեքենաների և այլ հատուկ տրանսպորտային միջոցների:
Ընդհանուր առմամբ, մարտական պատրաստության մեջ ներգրավված են շուրջ 200 ռուս զինծառայողներ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հայտարարություն են ստորագրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին: Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայված է Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության հետ կապող միջանցքի երկայնքով: