Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության առաջնային խնդիրն է կայուն խաղաղության ապահովումն ու տարածաշրջանում բնականոն կյանքի վերականգնումը։
Այս մասին ուրբաթ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով տեղեկատվությունն այն մասին, թե, իբր, խաղաղապահները Ղարաբաղ չեն թողնում որոշ լրագրողների, զբոսաշրջիկների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների։
«Մենք ինքներս մեզ պետք է հարց տանք՝ ի՞նչ ենք ուզում այս փուլում՝ զարգացնել Արցախում զբոսաշրջությո՞ւնը, թե՞ հասնել կայուն խաղաղության, փախստականների վերադարձին, նորմալ կյանքի հաստատմանը և հետո փուլ առ փուլ անցնել մնացած հարցերի լուծմանը։
Ռուս խաղաղապահներն զբաղված են հենց այս հիմնական խնդիրները կարգավորելով։ Նրանք, անշուշտ, կողմերի հետ քննարկում են յուրաքանչյուր կոնկրետ դեպք, խնդիր: Բայց ևս մեկ անգամ կրկնեմ, որ հիմնական խնդիրը բնականոն կյանքին վերադարձն է, կայուն խաղաղության ապահովումը: Այս խնդիրները լուծելը շատ բարդ է։ Լինում են իրավիճակներ, որոնք որեւէ հստակ իրավական կարգավորման շրջանակներից դուրս են»,-ասել Է Զախարովան։