Ռուսաստանի Խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնում շարունակում է աշխատել ընդունարան, որտեղ գործարկվել է «թեժ գիծ»՝ պատերազմում անհայտ կորած մասնակիցների մասին տեղեկատվություն ստանալու համար:
Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությունը:
«Նրանց որոնումն իրականացնում են ռուս զինծառայողները՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ:
Բոլոր հարցումները գրանցվում են, մուտքագրվում տվյալների բազա և փոխանցվում որոնման համատեղ խմբերին:
Ընդհանուր առմամբ, մոտ 2500 մարդ դիմել է ընդունելության կենտրոն` օգնություն ստանալու համար, այդ թվում` 600-ը թեժ գծին զանգահարելով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարության համաձայն՝ նոյեմբերի 10-ի 00:00-ից, Լեռնային Ղարաբաղում հրադադար է հաստատվել:
Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, տրամադրում մարդասիրական օգնություն և վերականգնում քաղաքացիական ու ինժեներական ենթակառուցվածքները: